Հետևեք մեզ։

Վրաստանը պատրաստ է աջակցել իր հարևաններին՝ միատեղելով խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերը. Լաշա Դարսալիա

17:52, 10 սեպտեմբեր 2024
Վրաստանը պատրաստ է աջակցել իր հարևաններին՝ միատեղելով խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերը. Լաշա Դարսալիա

Վրաստանն անչափ կարևորում է կոմունիկացիաների անխափան և անվտանգ շահագործումը Հարավային Կովկասում։ 

 

«Արմենպրես» հաղորդմամբ՝ այդ մասին ասաց Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան՝ ելույթ ունենալով «Երևանյան երկխոսություն-2024» միջազգային համաժողովում։  

 

«Մեր տարածաշրջանը էական դեր է խաղում դեպի Եվրոպա էներգակիրներ տեղափոխելու գործում, ուստի առաջին պլան է մղվում նաև տնտեսական անվտանգության խնդիրը, որն էական ազդեցություն ունի հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա։ Տարածաշրջանային համագործակցության համատեքստում մենք մի կողմից խոսում ենք տեղի երկրների աշխարհագրական նպաստավոր դիրքի մասին, սակայն մյուս կողմից էլ պետք է արձանագրենք, որ տվյալ հանգամանքը ոչ միայն հնարավորություն է, այլև մարտահրավեր։ Մի կողմից բարենպաստ դիրքը հրավիրում է արտատարածաշրջանային պետությունների ուշադրությունը, հրավիրում զարգացնելու երկկողմ և բազմակողմ տնտեսական ակտիվ կապերը, բայց մյուս կողմից էլ տարածաշրջանը դառնում է անողոք մրցակցության ասպարեզ»,- նշեց Վրաստանի փոխարտգործնախարարը։  

 

Նա հիշեցրեց, որ Վրաստանը տևական ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի հետ ունի ռազմավարական համագործակցություն, և Թբիլիսին անչափ կարևորում է այդ հանգամանքը։ Դիվանագետի համոզմամբ՝ տարածաշրջանի բոլոր խաղացողների պատասխանատվությունն է ընդլայնել առկա կապերը և նպաստել համապարփակ կայունությանն ու խաղաղությանը։  

 

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում են հարաբերությունների կարգավորման բանակցություններ, հետևաբար հույս ունենք, որ կողմերն այդ գործընթացներում կհաջողեն։ Վրաստանը պատրաստ է աջակցել իր հարևաններին՝ միատեղելով խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերը»,- ասաց դիվանագետը։

 

Դարսալիայի դիտարկմամբ՝ Հարավային Կովկասում հիմա նոր ժամանակաշրջան է, որը բացում է նոր դռներ արդյունավետ համագործակցության համար, և այդ գործում Վրաստանն ունի իր ներդրումը։ Տարածաշրջանի երկրներից յուրաքանչյուրի հետ զարգացնելով երկկողմ հարաբերություններ՝ Վրաստանը մեծ ուշադրություն է դարձնում նաև բազմակողմ կապերին՝ նպաստելով համատեղ օրակարգերի առաջ քաշմանը։ 

 

«Թբիլիսին առաջակում է իր հնարավորություններն ու կարողությունները, որոնք կօգնեն հարևան երկրներին իրագործել համատեղ ծրագրերն ու նախագծերը։ Միևնույն ժամանակ, Թբիլիսին կարևորում է նաև Արևմուտքի մասնակցությունը տարածաշրջանային կարևոր գործընթացներին։ Մենք արդեն ընտրել ենք մեր ուղին և մեր տեղը Եվրաատլանտյան տիրույթում է։ Վրաստանի համար շատ կարևոր է այն հանգամանքը, որ Հարավային Կովկասում տեղի ունեցող համագործակցությունը կազմում  է Արևմուտքի հետ փոխգործակցության մի մասը»,- եզրափակեց Վրաստանի արտգործնախարարը։