Երևանի ավագանու սեպտեմբերի 10-ի նիստին «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը ներկայացրել է որոշման նախագիծ, որն առնչվում է ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների շրջանակում փոխադրավարձը սահմանելուն, սակայն այն չընդունվեց։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ նախագծին գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել:
Քաղաքապետարանի կայքից տեղեկացանք, որ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն առաջարկել է ուղևորափոխադրման համար սահմանել հետևյալ սակագները. էլեկտրոնային տարբերակով վճարման դեպքում 1 օրվա համար՝ տոմսի ակտիվացման պահից սկսած 24 ժամվա ընթացքում, բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ երթևեկելու համար արժեքը սահմանել 400 դրամ, 7 օրվա համար՝ 30 օրվա ընթացքում 7 օր տրանսպորտային բոլոր միջոցներով անսահմանափակ երթևեկելու համար՝ 2000 դրամ, 30 օրվա համար 30 օր, բայց 90 օրվա ընթացքում երթևեկելու համար՝ 5500 դրամ, 180 օրվա համար 180 օր, բայց 1 տարվա ընթացքում անսահմանափակ երթևեկելու համար՝ 20 հազար դրամ, 365 օրվա անսահմանափակ ուղևորափոխադրումների համար՝ 35 հազար դրամ: Կենսաթոշակառուների, առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողների համար առաջարկվում է տրանսպորտային միջոցներից օգտվելը դարձնել անվճար:
Էլեկտրոնային տոմսի բացակայության դեպքում առաջարկվում է տրանսպորտային միջոցի 1 օգտագործման համար վճարել 100 դրամ, իսկ տրոլեյբուսի դեպքում՝ 50 դրամ: