Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը մոտենում է Իրանի հետ նոր միջպետական հիմնական պայմանագրի ստորագրմանը: Նա նշել է, որ ավարտվում են ներպետական բոլոր ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են պայմանագրի ստորագրման նախապատրաստման համար, գրում է ՏԱՍՍ-ը:
ԲՐԻԿՍ և ԲՐԻԿՍ+ երկրների ներկայացուցիչների հանդիպման ընթացքում Շոյգուն երկկողմ աշխատանքային հանդիպում է անցկացրել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ:
«Մենք պատրաստ ենք ավելացնել համագործակցությունը Անվտանգության խորհրդի գծով: Շարունակում ենք վերահսկել այն պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերը, որոնք ձեռք են բերվել բարձր մակարդակով, և հույս ունենք շուտով ստորագրել նոր հիմնական միջպետական պայմանագիր: Ամբողջացնում ենք բոլոր ներպետական ընթացակարգերը, որպեսզի պատրաստենք փաստաթղթերը (Ռուսաստանի և Իրանի նախագահների) ստորագրմանը», – ասաց Շոյգուն:
Նա հավելեց, որ Իրանի միանալը ԲՐԻԿՍ-ին ստեղծել է նոր հնարավորություններ, որպեսզի անդամ երկրներն ավելի արդյունավետ համագործակցեն՝ նպաստելով միասնական և անբաժանելի ռազմավարական անվտանգության համակարգի ձևավորմանը և արդար բազմակենտրոն աշխարհակարգի հաստատմանը: