Հետևեք մեզ։

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Iran Air-ի նկատմամբ

21:54, 10 սեպտեմբեր 2024
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Iran Air-ի նկատմամբ

Վաշինգտոնի վարչակազմը իրանական Iran Air ավիաընկերությունը ներառել է Ռուսաստանին վերաբերող պատժամիջոցների ցանկում։ Ընկերության դեմ նոր սահմանափակումները վերաբերում են Ռուսաստանի հետ նրա կապերին, ինչպես նաև զենքի փոխադրմանը։ Այս մասին ասվում է ԱՄՆ Ֆինանսների նախարարության գրավոր հայտարարության մեջ։

 

Ընկերության դեմ նոր սահմանափակումները մտցվում են «ՌԴ տնտեսության տրանսպորտային ոլորտի հետ կապված» նրա աշխատանքի առնչությամբ։ Ավելի վաղ ԱՄՆ-ն արդեն պատժամիջոցներ էր սահմանել Iran Air-ի նկատմամբ։

 

ԱՄՆ Ֆինանսների նախարարության հայտարարության մեջ նաև հաղորդվում է մի շարք այլ իրանական ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ սահմանափակումների մտցման մասին։ Դրանց թվում են Azadegan Transportation Company, Amad Behineh Saz Engineering Company, Sanjesh Gostar Dana Engineering and Quality Control Inspection Company, Talieh Sabz Jehan Group Company, Farzanegan Propulsion Systems Design Bureau ընկերությունները, ինչպես նաև դրանց որոշ աշխատակիցներ։

 

Նոր պատժամիջոցները մտցվում են, մասնավորապես, Իրանից Ռուսաստան անօդաչու թռչող սարքերի և հրթիռների փոխանցման կապակցությամբ։ Ավելի վաղ՝ երեքշաբթի օրը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բրիտանական մայրաքաղաքում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Վաշինգտոնը կխստացնի Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը՝ իբր Ռուսաստանի հետ նրա ռազմատեխնիկական համագործակցության պատճառով։

 

Պատժամիջոցների ցանկում ներառումը նշանակում է վիզաների տրամադրման մերժում, ԱՄՆ-ում ակտիվների սառեցում և ամերիկացի քաղաքացիների ու ընկերությունների համար արգելք՝ բիզնես վարել դրանցում ներառված անձանց հետ։

 

Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են Ուկրաինայում կիրառելու համար Ռուսաստանին իրանական զենքի մատակարարման տարբերակները։ Ինչպես նախկինում ընդգծել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով արևմտյան ԶԼՄ-ներում Իրանի կողմից ՌԴ-ին իբր հրթիռների փոխանցման մասին հրապարակումներին, «ոչ միշտ է նման տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը»։ Նրա խոսքերով՝ Մոսկվան և Թեհրանը մտադիր են զարգացնել «համագործակցությունն ու երկխոսությունը բոլոր հնարավոր ոլորտներում, ներառյալ ամենազգայուն ոլորտները»։