«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ համացանցը քննարկում է արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանի մեղայականը: Հիշեցնենք, որ նա ավարտել է իրավաբանական ֆակուլտետը եւ ոչ միայն սովորել է նույն կուրսում` Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ, այլեւ շատ մտերիմ հարաբերություններ է ունեցել նրա հետ: Փոխնախարարի նշանակումից հետո համացանցում են հայտնվել Սիրվարդ Գեւորգյանի, Գայանե Քոչարյանի լուսանկարները` Գեւորգյանը կրծքին սեղմած Ռոբերտ Քոչարյանի գիրքը, ապա նորաթուխ փոխնախարարը հանդես է եկել մեղայականով, մոտավորապես այն բովանդակությամբ, թե` 200 այլ ուսանողների հետ եմ սովորել, նրանցից մեկն էլ Քոչարյանի դուստրն էր, իսկ ես «սրսուռ ՔՊ-ական եմ եւ շատ եմ սիրում Նիկոլ Փաշինյանին»:
Ըստ որոշ տեղեկությունների, աղմուկը համացանցում բարձրացրել են սորոսականները, որոնցից Նիկոլ Փաշինյանն ուղղակի սարսափում է, եւ հենց նրա անմիջական հրահանգով է փոխնախարարի ամոթալի տեքստը գրվել ու տեղադրվել ոչ ավել, ոչ պակաս` ադարադատության նախարարության եւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնական էջերում:
Իրենց հերթին, Սիրվարդ Գեւորգյանի «200 համակուրսեցիները» շատ վատ են ընդունել նրա այդ արարքը եւ երեկ Ֆեյսբուքում ֆլեշմոբ էին սկսել` «մենք հպարտ ենք, որ Գայանե Քոչարյանի համակուրսեցին ենք» եւ այլ նմանատիպ գրառումներով»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: