Հետևեք մեզ։

«Հրազդան ՋԷԿ»-ի հարակից տարածքում պայթյունից տուժածներից երկուսը հարցաքննվել են

15:30, 11 սեպտեմբեր 2024
«Հրազդան ՋԷԿ»-ի հարակից տարածքում պայթյունից տուժածներից երկուսը հարցաքննվել են
2024 թվականի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16:59-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքի ձուլարանում պայթյուն է տեղի ունեցել, և կան տուժածներ:
 
ՔԿ-ից հայտնում են, որ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թ. սեպտեմբերի 10-ին` ժամը 16:45-ի սահմաններում, «Հրազդան ՋԷԿ»-ի հարակից տարածքի մետաղաձուլարանում տեղի է ունեցել օդի տարայի պայթյուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով 6 անձ, ովքեր տվյալ օբյեկտը շահագործող ընկերության աշխատակիցներ են, տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Հիշյալ անձանցից մեկը՝ Հրազդան քաղաքի 46-ամյա բնակիչը, գիտակցության չգալով, բժշկական կենտրոնում մահացել է:
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։
 
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն։
Վերոնշյալ 6 անձինք ճանաչվել են տուժող։ Տուժողներից երկուսը հարցաքննվել են, իսկ մյուս երեք անձանց հետ անհրաժեշտ քննչական գործողություն հնարավոր չի եղել կատարել՝ առողջական վիճակի պատճառով։
 
Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ, դատապայթյունատեխնոլոգիական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ։
 
Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ պայթյունի պատճառները, տվյալ օբյեկտում անվտանգության ապահովման սահմանված պահանջների պահպանվածության վիճակը պարզելու ուղղությամբ։
 
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վերլուծական