Հետևեք մեզ։

Քննարկվել է հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու տույժի դրույքաչափի վերանայմանն առնչվող նախաձեռնությունը

15:34, 11 սեպտեմբեր 2024
Քննարկվել է հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու տույժի դրույքաչափի վերանայմանն առնչվող նախաձեռնությունը
 
     

Կառավարության հեղինակած նախաձեռնությունն առնչվում է հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու տույժի դրույքաչափի վերանայմանը: Այս մասին հաղորդում են ԱԺ-ից։

Դեռեւս 2020 թվականի ապրիլից կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները վերացնելու նպատակով գործադիրն օրենքով վերանայել է տույժի դրույքաչափը` օրական 0.075 տոկոսից փոխելով 0.04 տոկոսի:  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի խոսքով հաշվի առնելով այն փաստը, որ վերացել են 2020 թվականին առկա հանգամանքները, ինչպես նաեւ այն, որ տույժի չափը համադրելի չէ, օրինակ, կազմակերպությունների կողմից բիզնես վարկերի համար վճարվող տոկոսաչափերին` Կառավարությունն առաջարկում է 2025 թվականի հունվարի 1-ից օրական տույժը կրկին սահմանել  0.075 տոկոսի չափով:

Զեկուցողի խոսքով նախաձեռնությամբ առաջարկվում է, որ հարկային վարչարարությանն աջակցելու համար հանրային հսկողության մեխանիզմներ ներդնելու նպատակով Կառավարությունը կարող է սահմանել հարկային վարչարարության աջակցման ծրագրեր, դրանց իրականացման կարգը եւ ժամկետները:

Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Պատգամավորը, ողջունելով նախաձեռնությունը, կոչ է արել կողմ քվեարկել:

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է սեպտեմբերի 11-ի ԱԺ նիստում:

Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է հերթական նիստերում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Օրվա վերջին նիստում Կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին: