Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն «անուշադիր» է հետևում իր երկրի վարչապետի հայտարարություններին՝ խոսելով Իրանի և Թուրքիայի հետ սահմանին ռուսական զորքերի տեղակայման անհրաժեշտության վերանայման մասին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե Հայաստանի իշխանությունները պետք է մտածեն ռուս սահմանապահների՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմանին մնալու անհրաժեշտության մասին։
Զախարովան նշել է, որ Հայաստանում ռուսական սահմանապահ զորքերի կարգավիճակը կարգավորող հիմնական փաստաթուղթն անժամկետ բնույթ ունի։
«Ավելի քան 30 տարի ռուս սահմանապահները հսկում են Հայաստանի Հանրապետության սահմանները և բազմիցս հաստատել են իրենց ներկայության արդիականությունը, մասնավորապես՝ կանխելով սահմանի ապօրինի հատումները և թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը»,- ասել է նա՝ նշելով, որ Հայաստանի տարածքից սահմանապահների դուրսբերումը բացասաբար կանդրադառնան երկրի անվտանգության վրա։
Զախարովան նշել է, որ «Հայաստանի խորհրդարանի խոսնակը բավական կոմպետենտ չէ նման հարցեր քննարկելու համար»։ Նրա խոսքով, այս հարցում պետք է ձայն տալ նրանց, ովքեր «իսկապես պահպանում են Հայաստանի սահմանը, ոչ թե նստում են փափուկ աթոռների վրա»։