Իսկ միգուցե հարց առաջանա, թե ինչո՞ւ իմ հանդեպ հնչած բռնության կոչերը ևս չեն դատապարվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը, պատասխանելով հարցին, թե ինչու՞ ԱԺ-ում՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ ՔՊ-ականների կողմից բռնության կոչեր էին հնչում, իր մասնակցությունը չի դադարեցրել, չի արձագանքել բռնության կոչերին, և որևէ ժեստ ցույց չի տվել։
«Դատապարտելուց առաջ, օրինակ, միգուցե հարց բարձրացվի, թե ինչո՞ւ չէին դատապարտում մինչ այդ իմ նկատմամբ հնչող վիրավորանքի, ակնհայտ անհարգալից վերաբերմունքի, ակնհայտ բռնության կոչերին»,-ասաց Մանասյանը։
Դիտարկմանը, թե իրեն մի ամբողջ ՔՊ խմբակցություն է պաշտպանել, Մանասյանն ասաց․ «Իմ խոսքը չի վերաբերում բացառապես մեկ նիստին, կրկնեմ՝ իմ հանդեպ հնչած բռնության կոչերի, տարածվող բամբասանքների, անհարգալից վերաբերմունքների և վիրավորանքների հետ կապված, ես դարձյալ չեմ ընտրել հակադարձելու մեթոդաբանություն, որովհետև, կարծում եմ, դա ավելի շատ է գեներացնում այն բացասական երևույթները, որոնք առկա են։ Ես իմ վարքագծով եմ փորձում մարդկանց ցույց տալ, թե որն է ճիշտ տարբերակը հարաբերություններ կառուցելու, հանրային պաշտոնյա լինելու և մնացյալ բոլոր հանգամանքների հետ կապված։ Հետևաբար, այդ իրադարձությունների տեսակետից իմ կերպարն այլ համակարգային մոտեցումներ է ենթադրում»։