Հետևեք մեզ։

ԿԳՄՍ նախարարությունը դպրոցներին հեծանիվներ է բաժանում

17:26, 11 սեպտեմբեր 2024
ԿԳՄՍ նախարարությունը դպրոցներին հեծանիվներ է բաժանում

Հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացման, դպրոցականների շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով սեպտեմբերի 28-29-ը Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի 20 կմ ճանապարհահատվածում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, մրցաշարի կազմակերպման և դպրոցականների կողմից նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով սեպտեմբերի 6-ից սկսվել է հեծանիվների մատակարարումը ՀՀ մարզերի և Երևան քաղաքի միջնակարգ, ավագ դպրոցներին և վարժարաններին: Սեպտեմբերի 11-ի դրությամբ հեծանիվները բաշխվել են Արմավիրի (198 հատ), Արագածոտնի (168 հատ), Կոտայքի (138 հատ), Վայոց ձորի (68 հատ) և Գեղարքունիքի (194 հատ) մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններին:

Հեծանիվների մատակարարման և բաշխման գործընթացը ՀՀ մյուս մարզերում շարունակվում է:

Մրցաշարն անցկացվում է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի միջև:

Մրցաշարի 1-ին փուլին, որը կանցկացվի սեպտեմբերի 20-25-ը, կարող են մասնակցել ՀՀ մարզերի և Երևան քաղաքի միջնակարգ, ավագ դպրոցների և վարժարանների թիմերը, իսկ 2-րդ՝ եզրափակիչ փուլին՝ 1-ին փուլում 1-3-րդ տեղերը գրաված դպրոցների կամ վարժարանների հավաքական թիմերը (թիմի կազմում՝ 1 տղա, 1 աղջիկ):

Սեպտեմբերի 28-ին մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան դպրոցին տրամադրված հեծանիվներով: Յուրաքանչյուր մասնակից պարտավոր է մեկնարկին (start) և վերջնարկին (finish) տեխնիկական զննում իրականացնող հանձնաժողովին ներկայացնել իր հեծանիվը:

Եզրափակիչ փուլին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները կպարգևատրվեն ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթով, մեդալներով և դրամական պարգևներով: 1-ին տեղ գրաված դպրոցը կպարգևատրվի 4.000.000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2.500.000 ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1.500.000 ՀՀ դրամով:

Կպարգևատրվեն նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ և 3-րդ տեղ 300.000 ՀՀ դրամ:  Հեծանվավազքի հաղթող թիմերի աշակերտները ևս կպարգևատրվեն դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 2 մասնակից՝ 150.000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 100.000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 75.000-ական դրամ (հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն):