Երևանի ավագանու 3 անդամներ մանդատներից զրկվել էին նիստերին անհարգելի բացակայելու հիմքով։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է այն անձանց անունները, որոնք կփոխարինեն Երևանի ավագանու մանդատից զրկված Անուշ Գինոսյանին, Անույշ Խուդավերդյանին («Հանրային ձայն» խմբակցություն) և Գրիգոր Երիցյանին («Ազգային առաջընթաց» խմբակցություն)։
Երևանի ավագանին նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցրել էր նիստերից անհարգելի բացակայելու հիմքով։
Ըստ ԿԸՀ–ի` Անուշ Գինոսյանի մանդատը տրամադրվել է Երևանի ավագանու «Հանրային ձայն» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ կին թեկնածու Լուսինե Բուղայանին, Անուշ Խուդավերդյանի մանդատը՝ Երևանի ավագանու «Հանրային ձայն» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ կին թեկնածուին՝ Դիաննա Ալեքյանին, իսկ Գրիգոր Երիցյանինը՝ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» կուսակցությունից Վահագն Իսոյանին։