Հետևեք մեզ։

9-րդ կետը Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ հաստատելու մասին չէ միայն․ ՀՀ-ն է երաշխավորում Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապը, որտե՞ղ է գրած՝ ՌԴ ԱԴԾ-ն է․ Փաշինյան

19:04, 11 սեպտեմբեր 2024
9-րդ կետը Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ հաստատելու մասին չէ միայն․ ՀՀ-ն է երաշխավորում Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապը, որտե՞ղ է գրած՝ ՌԴ ԱԴԾ-ն է․ Փաշինյան

Մի շարք երկրների ներկայացուցիչներ հրապարակային հայտարարություններ են անում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին, և այդ հայտարարություններից ակնհայտ է, որ նրանք այդ հայտարարությունը չեն կարդացել: Այդքան քննարկվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը: «Կետ 9. Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը»: Սա նշանակում է, որ 9-րդ կետը Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ հաստատելու մասին չէ միայն, և առաջին հերթին դրա մասին, դա ընդամենը թեմայի մանրամասներից մեկն է: Տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կապերի բացման մասին է՝ Հայաստան-Իրան երկաթուղի, Հայաստան-Ռուսաստան երկաթուղի և այլն: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2. ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Անվտանգության երաշխավորը ՀՀ-ն է»: Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ որևէ երրորդ երկրի անվտանգություն ապահովելու երաշխիք է վերապահված, պետք է ցույց տան, թե որտե՛ղ է դա գրված: Ավելին՝ երթևեկության կազմակերպողը ՀՀ-ն է: Չկա այստեղ գրած, որ ինչ-որ մեկը ինչ-որ տեղից պետք է գա, երաշխավորի, անվտանգություն ապահովի և կազմակերպի: Ամեն ինչը անում է ՀՀ-ն:

Ասվում է՝ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողություն իրականացնում են ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները: Որտե՞ղ է գրած, որ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները պետք է տեղում ներկա լինեն, որտեղ է գրված այդպիսի բան, չկա գրված: Որովհետև եթե նույնիսկ նկատի է առնվում ՀՀ-ում ռուս սահմանապահների ներկայությունը, նրանց ներկայությունը մեր երկրում պայմանագրային հարց է, Հայաստանի որոշման  հարցն է. այսօր որոշել է, որ ներկա են իրենք, վաղը կարող է որոշել, որ ներկա չեն իրենք»,- նշեց նա: 

Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է կապ ապահովել Ադրբեջանի և Նախիջևանի միջև: «Մենք համաձայն ենք՝ եկեք անցեք, ո՞վ է խանգարում, Ադրբեջանը համաձայն չէ, որովհետև Ադրբեջանն ասում է՝ չէ՛, անվտանգությունը դու չպետք է ապահովես, նախ՝ ես եմ ստորագրել, և դուք էլ եք ստորագրել, որ ՀՀ-ն պիտի ապահովի: Ասում է՝ չէ՛, անցուդարձը դու չպիտի կազմակերպես, ո՞նց ես չպիտի կազմակերպեմ, եթե դուք եք ստորագրել, որ ես պետք է կազմակերպեմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: