Հետևեք մեզ։

Կարևոր է երաշխավորել ազատությունից զրկված անձանց բոլոր իրավունքները. Անահիտ Մանասյան

21:35, 11 սեպտեմբեր 2024
Կարևոր է երաշխավորել ազատությունից զրկված անձանց բոլոր իրավունքները. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 11-ին մասնակցել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում վերակառուցված նոր երկու մասնաշենքի բացման արարողությանը՝ տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Վերանորոգվել են ազատազրկված կանանց մասնաշենքը, որը ներառում է հղի և մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանանց առանձնացված խցեր, ինչպես նաև ուսումնական կենտրոնը, որը ներառելու է մարզադահլիճ, գրադարան, լսարաններ, միջոցառումների դահլիճ և արհեստագործական ուսումնական սենյակներ՝ հագեցած համապատասխան ժամանակակից գույքով ու սարքավորումներով:

Արարողությանը ներկա են եղել ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանն ու ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը:

«Կարևոր է երաշխավորել ազատությունից զրկված անձանց բոլոր իրավունքները, այդ թվում՝ երաշխավորելով նրանց համար հասանելի տարբեր ծառայությունների և նրանց միջավայրի պատշաճ մակարդակը միջազգային չափանիշներին համապատասխան: Այդ հանգամանքների չերաշխավորումը շատ հաճախ հանգեցնում է տարբեր խնդիրների՝ թե արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դիտանկյունից, թե կարող է հանգեցնել իրավունքի տարբեր այլ խախտումների, օրինակ՝ կրթության, կանանց իրավունքների, հղիների ու մինչև 3 տարեկան երեխաների խնամող կանանց իրավունքների հետ կապված հարցերի։ Այդ խնդիրները մենք ոչ միայն արձանագրել ենք, այլև տարբեր ձևաչափերով անընդհատ ենք դրանց մասին բարձրաձայնում»,- ասել է Մանասյանը:

 



Վերլուծական