Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասի դիտարկմամբ՝ Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մեկնարկը կարևոր ուղենիշ է կողմերի միջև հարաբերություններում, սակայն դա ոչ թե ինչ-որ մեկուսացած նախաձեռնություն է, այլ ավելի լայն նախաձեռնությունների մաս է՝ ուղղված երկրի տնտեսության մեջ ներդրումներ կատարելուն, տնտեսական դիմակայունությանը, անվտանգության ու խաղաղության պահպանմանը:
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահն այս մասին ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասը Հայաստան էր այցելել սեպտեմբերի 9-ին՝ Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը տալու համար։
Սխինասը հարցազրույցում ամփոփել է Հայաստան կատարած այցի արդյունքները, խոսել է վիզաների ազատականացման շուրջ Հայաստանի հետ երկխոսության մեկնարկի, ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առկա համագործակցության ծրագրերի վերաբերյալ:
- Պարոն Սխինաս, ինչպե՞ս կամփոփեք Հայաստանում ունեցած Ձեր հանդիպումների արդյունքները:
- Ուրախ էի, որ կարողացա հանդիպել Հայաստանի քաղաքական ղեկավարությանը՝ նախագահի, վարչապետի, արտաքին գործերի նախարարի և ամենակարևորը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ միասին քաղաքական մակարդակով սկսել մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը։ Սա կարևոր ուղենիշ է Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերություններում, բայց սա անջատ նախաձեռնություն չէ, այն ավելի լայն նախաձեռնությունների մի մասն է, որը մենք մշակում ենք ԱՄՆ-ի հետ միասին 270 միլիոն եվրոյի չափով՝ աջակցելու Հայաստանին տնտեսության մեջ ներդրումներ կատարելու և դիմակայունության նոր ծրագրի միջոցով: Նախաձեռնությունների մի մասն է, որը նաև աջակցում է Հայաստանին խաղաղության և անվտանգության համար։ Հայաստանում մենք ունենք ԵՄ-ի կարևոր առաքելություն՝ աջակցելու սահմանների վերահսկողության հարցում։ Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով մենք տրամադրում ենք նաև աջակցություն Հայաստանի զինված ուժերին։ Բայց, իհարկե, վերջնական ցանկալի գործողությունը մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացն է, որը մենք սկսում ենք: Կարծում եմ, որ այս օրը կհիշվի որպես գործընթացի մեկնարկի օր, որը, հուսով եմ՝ շուտով կհանգեցնի նրան, որ բոլոր հայերն առանց արտոնագրի անհրաժեշտության կարճատև այցերի համար կկարողանան ազատ ճանապարհորդել դեպի Եվրոպա:
- Ձեր կարծիքով՝ այդ հանդիպումներն արդյունավե՞տ էին։
- Այո, կարծում եմ, որ դրանք շատ արդյունավետ էին, քանի որ ըստ իս՝ այս այցի քաղաքական ժամկետները շատ տեղին են։ Հուլիսի 22-ին մենք ունեցանք արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ, որը սկիզբ դրեց այս բոլոր նոր հաջողության պատմություններին, և ես այն կարծիքին եմ, որ քաղաքականության մեջ պետք է երկաթը տաք-տաք ծեծել: Այսպիսով, ես այստեղ եմ՝ ընդգծելու այս հաջողությունների կարևորությունը: Մուտքի արտոնագրերի ազատականացում և, իհարկե, նոր աջակցություն Հայաստանի զինված ուժերին՝ Եվրոպական խաղաղության գործիքակազմի միջոցով․ սրանք կարևոր ուղենիշներ են, որոնց հիմքում ընկած է նաև այն կարևոր հարթությունը, որ Հայաստանն այժմ ի հայտ է գալիս որպես կայունության և բանականության աղբյուր՝ աշխարհաքաղաքականորեն շատ բուռն տարածաշրջանում: Մենք ուս ուսի տված կկանգնենք Հայաստանի կողքին՝ օգնելու նրան շարունակել իրականացնել իր առաքելությունը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։