Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ բոլոր խնդիրների լուծումն անցնում է կրթության միջոցով, իսկ աղքատության առանցքային պատճառներից մեկը թաքնված է կրթության մեջ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին ասել է Երևանում անցկացվող Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ժամանակ ունեցած ելույթում:
«Չկա որևէ խնդիր, որի լուծումը չի անցնում կրթության միջոցով: Եվ չկա մի խնդիր, որի ծագումը կապված չէ կրթության բացակայության, կրթության պակասի, ցածր որակի հետ»,–ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց՝ աղքատությունը գլոբալ խնդիր է, այդ թվում՝ Հայաստանում է խնդիր: Կառավարությանը դրա համար շատ են քննադատում: «Բայց իմ համոզմունքն այն է, որ աղքատության առանցքային պատճառներից մեկը թաքնված է կրթության մեջ: Կրթության այն համակարգերը, որ գոյություն ունեն, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով աշակերտներին, նաև ուսանողներին բավարար հմտություններով չեն օժտում կյանքում մրցունակ լինելու համար: Եթե փորձենք թարգմանել, թե ինչ է նշանակում աղքատությունը, դա նշանակում է կյանքում մրցունակ լինելու համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների, կարողությունների պակաս ունենալ այն դեպքերում, երբ դա կապված չէ առողջության և շարժունակության խնդիրների հետ»,-ասաց վարչապետը:
ՀՀ կառավարության համար կրթությունն առաջնահերթություն է՝ այդ թվում զբաղվածության խնդիրները լուծելու առումով: Ըստ նրա՝ գործազրկություն նշանակում է չունենալ անհրաժեշտ գիտելիքներ, կարողություններ, հմտություններ՝ աշխատանքի շուկայում մրցունակ լինելու համար:
Փաշինյանը հավելեց, որ գիտելիքն ու հմտությունը կարող են հնանալ: «Մարդկության պատմության ընթացքում եղել են մասնագիտություններ, որոնք ընդհանրապես վերացել են, ի հայտ են եկել նոր մասնագիտություններ: Կրթության ոլորտի մեծ խնդիրներից մեկն է ապահովել մարդկանց ադապտացիան այս գլոբալ փոփոխություններին, այդ թվում՝ աշխատանքի շուկայում»,-ասաց նա:
Այդ խնդիրների հասցեագրումը կառավարության առաջնային օրակարգերից է:
«Մեր ընկալումն այն է, որ կրթությունը ցկյանս գործընթաց է: Մարդը պետք է սկսի սովորել մանկապարտեզից և շարունակի կրթությունն այդ թվում աշխատանքի մեջ»,-ասաց նա՝ հավելելով, որ բոլորը՝ պատգամավոր, նախարար, վարչապետ, պետք է աշխատանքը զուգակցեն կրթության, ինքնակրթության հետ: