Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին անդրադարձել է նաև «Հրազդան» ՋԷԿ-ի հարակից տարածքում տեղի ունեցած պայթյունին: Ի պատասխան վարչապետի այն հարցին, թե ինչ է արել այս մասով տեսչական մարմինը նախքան պայթյունը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը պարզաբանել է.
«Տեսչական մարմինը ստուգումներն իրականացնում է երկու տարբերակով՝ պլանային, երբ ռիսկի վրա մեթոդաբանություն է մշակվում, տարեկան ծրագրով ստուգվում է և ոչ պլանային՝ դիմումների ու բողոքների դեպքում, երբ տնտեսվարողն ուզում է իր կառուցած շինության ավարտական ակտը ստանալ և գործունեություն իրականացնել։ Կոնկրետ այս դեպքում երկու ուսումնասիրություն է տեղի ունեցել: Նշված տնտեսվարողն արտադրական վտանգավոր օբյեկտի ռեեստրում գրանցված չի եղել, և մի շարք այլ խնդիրներ են արձանագրվել, մասնավորապես՝ հրդեհի ինքնաշխատ համակարգ ներդրված չի եղել: Տնտեսվարողը դիմել է, որ ստանա ավարտական ակտ-եզրակացություն: Գնացել, ուսումնասիրել ենք, արձանագրել ենք մի շարք խախտումներ: Երկու անգամ մերժվել է դրական եզրակացությունը, այսինքն՝ անվտանգային խախտումներ են եղել, և դրանք վերացված չեն եղել»:
Ըստ Պետրոս Մարտիրոսյանի՝ եզրակացությամբ նշվել է, որ մինչև այս խախտումները չշտկվեն, շահագործման թույլտվություն չեն կարող ունենալ և չեն կարող շահագործել ձուլարանը: