Հետևեք մեզ։

Ղրիմը նոր ղեկավար ունի

17:57, 12 սեպտեմբեր 2024
Ղրիմը նոր ղեկավար ունի

Ղրիմի Հանրապետության նորընտիր ղեկավար Սերգեյ Աքսյոնովը պաշտոնապես ստանձնեց իր պարտականությունները: Նա երդվեց Սիմֆերոպոլում՝ տարածաշրջանի Պետական խորհրդի երրորդ գումարման առաջին նիստի ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 


«Երդվում եմ Ղրիմի Հանրապետության ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել ՌԴ Սահմանադրությունը և դաշնային օրենքները, Ղրիմի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, կատարել ՌԴ նախագահի հրամանագրերը և ՌԴ կառավարության որոշումները»- երդման արարողության ժամանակ ասել է Աքսյոնովը:

ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Հարավային դաշնային օկրուգում Վլադիմիր Ուստինովը շնորհավորեց Աքսյոնովին ընտրվելու կապակցությամբ և ընդգծեց նրա հանդեպ վստահության բարձր մակարդակը:

Նշենք, որ «Միասնական Ռուսաստան» խմբակցությունը, որը ղրիմյան խորհրդարանում ունի 75-ից 68 տեղ, աջակցել է Աքսյոնովին: Ուստինովը նշեց նաև , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, բացի «Միասնական Ռուսաստանից» առաջադրված Աքսյոնովից, Ղրիմի Հանրապետության ղեկավարի պաշտոնում առաջարկել էր նաև Սերգեյ Բոգատիրենկոյին՝  Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունից և Ալեքսեյ Գուրինենկոյին՝ «Նոր մարդիկ» կուսակցությունից:

Երեք թեկնածուից յուրաքանչյուրը ելույթ է ունեցել տարածաշրջանի Պետական խորհրդի պատգամավորների առջև: Բոգատիրենկոն և Կուրինենկոն իրենց ելույթներում աջակցել են Աքսյոնովի թեկնածությանը: