«Իմ անձնական կյանքը միշտ աշխատել եմ չհանրայնացնել, բայց հակառակ դրան, այս ֆիլմը շատ անկեղծ է։ Այն ամենը, ինչ ներկայացված է ֆիլմում, չափից շատ անձնական է, ու այդ մասին ես երբեք չեմ կիսվել նույնիսկ իմ ամենամտերիմ մարդկանց հետ։ Իրականում շատ դժվար էր, որովհետև իմ անցած ճանապարհը, իմ դժվարությունները, իմ հաջողությունները շատ թանկ են ու մեծ արժեք ունեն, բայց ես կիսվում եմ դրանցով մարդկանց հետ։ Գուցե շատերը հետևություններ և ենթադրություններ անեն իրենց համար։ Ֆիլմում ես միայն դրական ու ուժեղ կերպար չեմ»,– ասաց ծանրորդը։
Ավտովթարի հետևանքով ստացած լուրջ վնասվածքի պատճառով Նազիկ Ավդալյանը 7 տարի դուրս էր մնացել մեծ սպորտից, ապա վերադարձել, դարձել Եվրոպայի կրկնակի չեմպիոն` ապացուցելով, որ եթե կա կամք, ոչինչ անհնարին չէ։