Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալը չի փոխանցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղերձը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ոչ, չի փոխանցել», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնդիկ խորհրդականը փոխանցել է որևէ բան Զելենսկուց ՌԴ նախագահին:
Օգոստոսի 23-ին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին առաջին անգամ այցելել է Ուկրաինա՝ Հնդկաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր: Նա Կիևում անցկացրել է մի քանի ժամ:
Հնդկաստանի առաջնորդը Կիև էր ժամանել գնացքով՝ Լեհաստանից: Վարչապետը հանդիպման ընթացքում Զելենսկուն ասել էր, որ Ռուսաստանը և Ուկրաինան պետք է միասին նստեն բանակցությունների սեղանի շուրջ և գտնեն ճգնաժամից դուրս գալու ուղիներ: Մոդին վստահեցրել էր, որ Հնդկաստանը պատրաստ է ակտիվ դեր խաղալխաղաղության հասնելու ջանքերում: