168․am-ը գրում է․
«2018 թվականի «թավշյա հեղափոխության» հերթական շահառուն Տիգրան Ավինյանն է․ նա հենց թավշյա աժիոտաժից հետո Երևան քաղաքի ավագանու անդամից միանգամից դարձավ փոխվարչապետ, հետո արդեն՝ փոխքաղաքապետ ու քաղաքապետ։ Ի դեպ, 2019-23 թթ․-ին թավշյա պաշտոնյան համատեղությամբ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր, որն իր գործունեության մեկնարկից կարճ ժամանակ անց հայտնվեց կոռուպցիոն սկանդալների կենտրոնում։
Այս տարիների ընթացքում, ինչպես և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարբեր ներկայացուցիչների դեպքում, բարելավվել է նաև Տիգրան Ավինյանի սոցիալական վիճակը, ինչի մասին հավաստում է 2024 թվականին նրա կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2023 թվականի գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիրը ևս։
Հայտարարագրից տեղեկանում ենք քաղաքապետի կողմից հաշվետու տարում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույքի մասին, որը Երևան քաղաքում հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն է՝ իր տնտեսական շինություններով։ Գործարքի այլ մանրամասներ հայտարարատուն չի հայտնել։
Տարվա ընթացքում պաշտոնյան շուրջ 14 միլիոն դրամով էլ «Զեյթուն քոնսթրաքշն» ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ին է օտարել է 2014 թվականից որպես նվիրատվություն ստացած և միանձնյա սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտնակը։
Տիգրան Ավինյանը հայտարարագրել է 2022 թվականին որպես նվիրատվություն ստացած 2021 թվականի արտադրության VOLKSWAGEN մակնիշի մեքենան։
Տարեցտարի աճել են նաև Տիգրան Ավինյանի դրամական միջոցները։
Հաշվետու տարվա սկզբում պաշտոնյայի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 միլիոն 890 731.2 դրամ, բայց տարեվերջին դրանք աճել են մի քանի անգամ՝ կազմելով 16 միլիոն 645 282 դրամ»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։