Վիետնամում «Յագի» թայֆունի հետևանքով առաջացած սողանքների ու հանկարծակի ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 226-ի, հայտնում է այդ երկրի արտակարգ իրավիճակների գործակալությունը: Միաժամանակ մայրաքաղաք Հանոյում ջրհեղեղի վտանգը նվազել է:
«Յագի» թայֆունը, որը տարվա ամենահզոր փոթորիկն է Ասիայում, հարվածել է Վիետնամի հյուսիսարևելյան ափերին շաբաթ օրը: Ավելի քան 100 մարդ դեռ անհետ կորած է, իսկ մոտ 800-ը վիրավոր են:
Հանոյի մի քանի շրջաններ դեռ ջրով ծածկված են, բայց եղանակի ծառայությունը հայտնել է, որ ջրհեղեղի վտանգը նվազում է:
Հանոյում Կարմիր գետի մակարդակը հասել էր վերջին 20 տարվա առավելագույն բարձրության, և հազարավոր մարդիկ տարհանվել են գետի մոտակա շրջաններից:
Ներկայումս Կարմիր գետի մակարդակը սկսել է իջնել, բայց Հանոյից հյուսիս գտնվող տարածքներում իրավիճակը դեռ լուրջ է։