Հետևեք մեզ։

Հռոմը սրբադասելու է 20-րդ դարի նշանավոր հայ հոգևորական, կարդինալ Գրիգոր Պետրոս Աղաջանյանին

12:27, 13 սեպտեմբեր 2024
Հռոմը սրբադասելու է 20-րդ դարի նշանավոր հայ հոգևորական, կարդինալ Գրիգոր Պետրոս Աղաջանյանին

«Արեւելքի» տեղեկություններով՝ Հռոմից Լիբանան է փոխադրվել 20-րդ դարի նշանավոր հոգեւորական, Հռոմի կաթոլիկ եկեղեցու հայազգի գործիչ, կարդինալ, Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք (1937-1962թթ.) Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյանի մարմինը: 

 

Լիբանանի քրիստոնյաները անհամբերությամբ սպասում են կրոնական այն արարողություններին, որ տեղի են ունենալու հայ կարդինալի մարմինը Բեյրութի Սուրբ Եղիա եկեղեցու բակում ամփոփելու առթիվ, ինչպես նաեւ՝ լիբանանցիներին է ներկայացվելու կարդինալ Աղաջանյանի սրբադասման դատի կոնդակը: 

 

2020 թվականին Հռոմի Պապը, նկատի առնելով կարդինալ Աղաջանյանի՝ տարիների ընթացքում աճող սրբության համբավն ու հայ կաթողիկե բարձրաստիճան հոգեւորականների դիմումը՝ որոշում է կայացրել ընթացք տալ Գրիգոր Պետրոս Աղաջանյանի երանացման եւ ապա՝ սրբադասման դատին:

 

Հռոմի Սրբադասման հանձնաժողովն այս տարվա  փետրվարի 23-ին ավարտել է կարդինալ Աղաջանյանի մարմնի կանոնական հետաքննությունը, հաստատել դրա վավերականությունը, ինչպես նաեւ՝ լավ պահպանված (անփուտ) վիճակը, որ կարեւոր քայլ է երանացման եւ սրբադասման դատի հաջողության համար: 

 

Հայ կարդինալը հուղարկավորված էր Հռոմի Ս․ Նիկողայոս եկեղեցու՝ Ս. Գրիգոր Լուսավորչին նվիրված կողմնակի մատռան դամբանում եւ Լիբանան է փոխադրվում իր կտակի համաձայն: 

 

Կարդինալ Աղաջանյանը սրբադասման է արժանանալու իր գործունեության համար, որ միտված էր խաղաղության տարածմանը, ինչպես նաեւ այն անսահման սիրո համար, որ նա վայելել է հազարավոր հավատացյալների կողմից՝ համաշխարհային մակարդակով: