Անկարան խնդրում է իրեն ընդունել ԲՐԻՔՍ-ում և միևնույն ժամանակ կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը հրաժարվել Ղրիմից, գրել է Deutsche Welle-ն։ Հոդվածագիրը նշում է, որ Էրդողանը Կրեմլին ազդակներ ուղարկելու ևՊուտինից ռազմավարական զիջումներ կորզելու վարպետ է։
Հոդվածում ասվում է․ «Հիմա Պուտինը, Ադրբեջանի ավտորիտար ղեկավար Իլհամ Ալիևը և Էրդողանը փորձում են տարանցիկ միջանցք ստանալ Հայաստանի Սյունիքի մարզով։ Այս երթուղին կկտրի ՀՀ-ին Իրանից։ Զարմանալի չէ, որ Թեհրանը կտրականապես դեմ է դրան և նույնիսկ ուղղակիորեն զգուշացնում է Մոսկվային իր դժգոհության մասին։
Թվում է, թե Իրանը Պուտինի դաշնակիցն է Ուկրաինայի դեմ պատերազմում։ Կրեմլն այժմ չպետք է նյարդայնացնի իր դաշնակցին, բայց, այնուամենայնիվ, շարունակում է ճնշում գործադրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա՝ Ադրբեջանի հետ սեղմ ժամկետներում խաղաղություն կնքելու պայմաններով, որը պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը, և բացել Սյունիքի միջանցքը։ Եվ արդեն դժվար է հասկանալ՝ դա արվու՞մ է, քանի որ Պուտինն այդքան կարևոր է համարում Թուրքիայով և հետագայում Հայաստանով ապրանքների կազմակերպումը Ռուսաստանի համար, թե՞ իր համար ամենակարևորը Էրդողանին օգնելն է։
Բացի այդ՝ Ռուսաստանն ու Թուրքիան կապված են Եվրամիությանը ռուսական գազի մատակարարումներով։ Նրանք այստեղ «մեղսակիցներ» են, թեև Էրդողանն, իհարկե, ավելի է շահում։ Չնայած բոլոր կապերին՝ Էրդողանը, ավտորիտար առաջնորդի դասական ձևով, դեմ չէ երբեմն-երբեմն նվաստացնել Ռուսաստանի ղեկավարին։ Նրանց հարաբերությունները «տղայական» են։ Էրդողանը Պուտինի այցին սպասում է երկու տարի և ակնհայտորեն պատրաստ է ավելի երկար սպասել։ Ավտորիտար ալֆա արուները խաղում են իրենց սովորական խաղերը՝ փորձելով ամեն կերպ գերազանցել միմյանց, քանի որ իրենց «մաքրության աշխարհում» բանակցությունների արդյունքը կախված է դրանից։ Պուտինը դեռևս չունի այն գործիքները, որպեսզի թուրք առաջնորդին ստիպի խաղալ Կրեմլի կանոններով», – կարծում է հոդվածագիրը։