ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի առաջին օղակի հրամանատար, փ/ծ ավագ Մարատ Միրզոյանը ճանաչվել է 2023 թվականի լավագույն հրշեջ-փրկարար։ Նա այդ կոչմանն արժանացել է նախորդ տարի ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների, լավագույն աշխատանքի, մասնագիտական պատրաստվածության, գրանցված արտակարգ դեպքերին, պատահարներին օպերատիվ արձագանքման ընթացքում դրսևորած բարձր պատրաստականության, ինչպես նաև գործառնական պարտականությունների նկատմամբ ցուցաբերած բարեխիղճ վերաբերմունքի համար։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Փրկարարի ծառայությունը սկսել եմ 18 տարի առաջ, պատվով ծառայել եմ մինչև այսօր և պատվով կծառայեմ մինչև իմ ծառայության ավարտը»,- ասում է Մարատ Միրզոյանը: Այս աշխատանքում փրկարարի կարևոր սկզբունքներից մեկը պետք է լինի մշտապես սովորելու, կատարելագործվելու ձգտումը։ Պետք է բազմակողմանի զարգացած լինես՝ ցանկացած իրավիճակում արագ և ճիշտ որոշում կայացնելու համար:
«Մարատ Միրզոյանն արժանի էր տարվա լավագույն հրշեջ-փրկարարի կոչմանը: Ես սա ասում եմ որպես նրա հետ 10 տարի աշխատած և նրա ունակություններին ծանոթ մարդ»,- ասում է Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ Գևորգ Մարտինյանը: Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Մհեր Վանեսյանի խոսքով՝ բազմաթիվ են դեպքերը, երբ Մարատ Միրզոյանը մասնակցել է արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքներին, նրա հետ խորհրդակցել են ծառայակից ընկերները: Այս տարիների ընթացքում գործընկերների հետ արձագանքել է բազմաթիվ արտակարգ իրավիճակների:
Մարատը վերջին մի քանի տարիներից առանձնացնում է Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը: Հիշում է՝ հերթափոխից հետո աղետի գոտուց դուրս բերված տուժածների հարազատները տաք թեյ, սուրճ էին հյուրասիրում՝ ի պատիվ իրենց արած աշխատանքի: Հետո համեստորեն ժպտում ու հավելում է`«Հաճելի էր, ինչ խոսք»: Տարվա լավագույն փրկարարի համար հաճելի է դժվար պահին օգնել դիմացինին: Սա հաճելի ու անշահախնդիր գործ է:
«Փրկարար լինելու կարևոր նախապայմանը մարդասեր լինելն է»,- ասում է Մարատ Միրզոյանը: Նա իր ամեն մի օրը սկսում է այն մեծ ցանկությամբ, որ արտակարգ դեպքեր չլինեն, եղած դեպքերն էլ միայն լավ ելք ունենան: