Հետևեք մեզ։

Սուդանում խոլերայի համաճարակի զոհերի թիվը հասել է 252-ի

18:21, 13 սեպտեմբեր 2024
Սուդանում խոլերայի համաճարակի զոհերի թիվը հասել է 252-ի

Սուդանում խոլերայի համաճարակի զոհերի թիվը հասել է 252-ի: Ինչպես հայտնել է Սուդանի Առողջապահության նախարարությունը, խոլերայի բռնկումը տարածվել է Սուդանի ութ նահանգում: Այս նահանգներում խոլերայով վարակման հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 7296-ի:

 

Արևելաաֆրիկյան երկրում հունիսից շարունակվող անձրևները և ջրհեղեղները հանգեցրել են խոլերայի տարածմանը: Ավելի վաղ՝ օգոստոսի 12-ին, Սուդանի իշխանությունները հայտարարել էին խոլերայի համաճարակի բռնկման մասին:

 

Սուդանում շարունակվում է զինված հակամարտությունը, առողջապահության համակարգը զրկված է երկրի քաղաքացիներին արդյունավետ ծառայություններ մատուցելու հնարավորությունից: Համաճարակային հիվանդությունների տարածումը բարդացնում է մարդկանց կյանքը:

 

Խոլերան սուր դիարեային վարակ է, որն առաջանում է Vibrio cholerae մանրէի՝ օրգանիզմ վարակված սննդամթերքի կամ ջրի միջոցով ներթափանցման հետևանքով: Խոլերան շարունակում է մնալ բնակչության առողջության համար գլոբալ սպառնալիք և անհավասարության ու սոցիալական զարգացման բացակայության նշաններից մեկը: Բուժման բացակայության դեպքում այն կարող է մի քանի ժամվա ընթացքում հանգեցնել մահվան: Անվտանգ ջրամատակարարումը և սանիտարական ու հիգիենայի հիմնական նորմերի պահպանումը կարևորագույն նշանակություն ունեն խոլերայի և ջրի միջոցով փոխանցվող այլ հիվանդությունների տարածման կանխարգելման և դրանց դեմ պայքարի համար: