ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարրիկը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ արևմտյան զենքով Ռուսաստանի տարածքի խորքում հարվածներ հասցնելու սահմանափակումները վերացնելու մասին հռետորաբանությունը չի մոտեցնում խաղաղությունը Ուկրաինայում։
«Այն հռետորաբանությունը, որ մենք լսում ենք, այն, ինչ տեսնում ենք տեղում, ևս մեկ ապացույց է, որ մենք չենք շարժվում այս հակամարտության ավարտի ուղղությամբ այնպես, ինչպես կցանկանայինք՝ միջազգային իրավունքի և կանոնադրության շրջանակներում», - ասել է նա։
Դյուժարրիկը նաև նշել է, որ «այս ողջ աճող հռետորաբանությունը, հատկապես միջուկային զենքի շուրջ, մտահոգիչ է»։ Նա ավելացրել է. «Եթե մի պահ շեղվենք Ուկրաինայից, ապա կարող ենք տեսնել ավելի շատ նշաններ, որ մենք ապրում ենք շատ ավելի վտանգավոր ժամանակաշրջանում»։
Այսօր, ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Անվտանգության խորհրդի՝ Ուկրաինային նվիրված նիստում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները կսկսեն ուղղակի պատերազմ Ռուսաստանի դեմ, եթե թույլ տան Ուկրաինային օգտագործել հեռահար զենք՝ Ռուսաստանի տարածքի խորքում հարվածներ հասցնելու համար։
ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով, Ուկրաինայի հարցը կլինի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի երկկողմ հանդիպումների օրակարգի գլխավոր կետերից մեկը։