Իրանում ստացվել է առաջին ազդանշանը «Չամրան-1» արբանյակից, որը շաբաթ օրվա վաղ առավոտյան հաջողությամբ դուրս է բերվել 550 կիլոմետր բարձրության ուղեծիր։ Հայտնում է IRNA-ն։
Շաբաթ առավոտյան «Չամրան-1» տիպի հետազոտական արբանյակը արձակվել է տիեզերք «Գաեմ-100» հրթիռակրի միջոցով և հաջողությամբ դուրս է բերվել 550 կիլոմետր բարձրության ուղեծիր։
60 կգ քաշով արբանյակի հիմնական խնդիրն է ծրագրային և ապարատային ապահովման փորձարկումը՝ ուղեծրային մանևրման տեխնոլոգիայի ստուգման համար։
«Չամրան 1» հետազոտական արբանյակը մշակվել է «Իրանի էլեկտրոնային արդյունաբերություն» (IEI) ընկերության կողմից՝ Իրանի ավիատիեզերական ինստիտուտի և մասնավոր գիտատար ընկերությունների հետ համագործակցությամբ։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Օդատիեզերական ուժերի (ՕՏՈւ) մասնագետների կողմից մշակված «Գաեմ-100» պինդ վառելիքով հրթիռակիրը հաջողությամբ իրականացրել է իր երկրորդ ուղեծրային առաքելությունը՝ «Չամրան 1» արբանյակը ուղեծիր դուրս բերելով։