Հայաստանը Հնդկաստանից օգնություն է խնդրել ռուսական արտադրության Սու-30ՍՄ կործանիչների իր փոքր նավատորմի արդիականացման հարցում, քանի որ երկիրը Հնդկաստանից հրթիռային համակարգեր, հրետանի և զենքի տեղորոշման ռադարներ է պատվիրում, գրում է Hindustan Times-ը:
«Մենք դիտարկում ենք մեր Սու-30 կործանիչներն արդիականացնելու հնարավորությունը Hindustan Aeronautics Limited ընկերության հետ, քանի որ այն մեծ փորձ ունի այդ ոլորտում»,- լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հայաստանի ռազմաօդային ուժերի վարչության պետ Հովհաննես Վարդանյանը նշելով, որ այդ ոլորտում համագործակցելու հնարավորությունն արդեն քննարկել է Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ։
Հնդիկ բարձրաստիճան պաշտոնյան, ով խնդրել է չհրապարակել իր անունը, հաստատել է HAL ընկերության կողմից Սու-30-ի արդիականացման հարցում Հայաստանի շահագրգռվածությունը․
«Հայաստանի կողմից շահագործվող Սու-30 տարբերակը տարբերվում է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի տրամադրության տակ եղած Սու-30-ից։ Ուստի այս ասպեկտը պետք է հաշվի առնել տարածաշրջանի բարդ դինամիկայի հետ մեկտեղ, ներառյալ Հնդկաստանի երկարամյա և հուսալի պաշտպանական գործընկեր Ռուսաստանի մերձեցումը Ադրբեջանի հետ Ուկրաինայի պատերազմի բռնկումից հետո»։