Հետևեք մեզ։

Ջրհեղեղից տուժած Տավուշում դրամական առաջին փոխհատուցումը տրվեց երեքուկես ամիս անց

17:25, 15 սեպտեմբեր 2024
Ջրհեղեղից տուժած Տավուշում դրամական առաջին փոխհատուցումը տրվեց երեքուկես ամիս անց

Մայիսի 27-ի ջրհեղեղից երեքուկես ամիս անց Տավուշում դրամական առաջին փոխհատուցումը տրվեց։ Հայտնում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը: 
 
«Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը սեպտեմբերի 6-ին որոշում է ընդունել «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2024թ․ հուլիսի 4-ի թիվ 1043-Ն որոշման համաձայն՝ Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն գյուղի բնակիչ Դավիթ Հարությունյանին աղետի հետևանքով անհատական բնակելի տանը պատճառված վնասի փոխհատուցման նպատակով տրամադրել 3 միլիոն 200 հազար դրամ։ 

Զանգահարեցի Բագրատաշեն գյուղի վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանին, նա հայտնեց,որ մայիսի 27-ին վարարած Դեբեդը գետը Բագրատաշեն գյուղում հեղեղել է Դավիթ Հարությունյանի տունը՝ մեծ վնաս պատճառելով տանը, այնտեղ եղած գույքին։ Վարչական ղեկավարն ասաց, որ Դավիթ Հարությունյանը Բագրատաշենում առաջինն է, ով հեղեղից վնասված տան համար փոխհատուցում է ստացել, առաջիկայում ևս 3 ընտանիք կստանա դրամական փոխհատուցում, դրա համար պահանջվող փաստաթղթերը այդ ընտանիքները ներկայացրել են։ 
 
Ս․ Անտոնյանն ասաց, որ հեղեղից վնասվել են Բագրատաշենի 6 ընտանիքների տները, որոնցից 4-ը կստանա դրամական փոխհատուցում, մնացած ընտանիքներից մեկը արտերկրում է բնակվում, մյուս տան համար փաստաթղթային խնդիրներ գոյություն ունեն։ Վարչական ղեկավարն ասաց, որ դրամական փոխհատուցումը տրվում է տան առավելագույնը 80 քառակուսի մետրի համար, մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 40 հազար դրամի չափով։ 

Ըստ՝ Ս․ Անտոնյանի՝ հաջորդ փուլում դրամական փոխհատուցում կստանան ջրհեղեղից տուժած հողամասերի տերերը։ Բագրատաշենում հեղեղից վնասվել են հիմնականում տնամերձ հողամասերը, որոնք ոչ մեծ չափերի են, գյուղում միայն երկու մեծ հողատարածք է ջրհեղեղից վնասվել։