Հետևեք մեզ։

ՀՀ ԶՈՒ-ն իրականացնում է լայնածավալ ծրագրեր, Ադրբեջանը անհանգստանում է՝ ինչ է լինելու ապագայում․ Անդրանիկ Քոչարյան

12:07, 16 սեպտեմբեր 2024
ՀՀ ԶՈՒ-ն իրականացնում է լայնածավալ ծրագրեր, Ադրբեջանը անհանգստանում է՝ ինչ է լինելու ապագայում․ Անդրանիկ Քոչարյան

Ադրբեջանն անհանգստացած է, որովհետև Հայաստանի կառավարությունն ու Զինված ուժերն իրականացնում են լայնածավալ ծրագրեր՝ մեր բոլորիս անվտանգության մակարդակը մի քանի աստիճան բարձրացնելու ուղղությամբ։  Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

 

«Ձեզնից մի քանիսը կամ բոլորդ եղել ք ամրաշինական աշխատանքների մի միջավայրում ու տեսել եք, թե ծավալներն ինչպիսին են, բայց դուք տեսել եք շատ փոքր հատվածը, դա ամբողջ Հայաստանի սահմանով մեկ իրականացված ծրագրեր են, ես դրանց անվանել եմ ամրոցներ, իսկ ամրոցների մեջ ծառայություն տանող անձնակազմը բավականին պաշտպանված է, իսկ պաշտպանված անձնակազմով հակահարված տալը շատ դյուրին է լինելու։ Բնական է՝ Ադրբեջանը անհանգստացած է, որովհետև առաջին պատերազմին ունեցել է անհաջողություն, 44-օրյա պատերազմում արձանագրել է հաղթանակ, հիմա անհանգստանում է՝ ապագայում ինչ է լինելու»,- ասաց նա։

 

Անդրանիկ Քոչարյանը նշեց՝ մենք էլ ենք անհանգստացած այն մեծ ծավալի սպառազինության հարցերով, որն իրականացնում է Ադրբեջանը տարբեր երկրներից։

 

«Եթե ժամանակին Հայաստանի նախկին իշխանություններն անհանգստացած լինեին, 44-օրյա պատերազմի ընթացքում մեր պահեստները կլինեին լիքը, մեր զորակոչային ռեսուրսը կլիներ ավելի պատրաստված, պատրաստված կլինեինք, ոչ թե կկանգնեինք բանկա-բութուլկեքի հետևում։ Ես դա միշտ ասում եմ»,- նշեց նա։