ՀՀ-ի նկատմամբ ճնշումներն ու պարտադրանքները «մեր հարևանների» կողմից շարունակվում են՝ արտահայտված և՛ հռետորաբանությամբ, և՛ պարտադրանքով, տարբեր փաստաթղթերով։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Ամենացավալին այն է, որ լրանում է Արցախի մեր հայրենակիցների բռնագաղթեցման մեկ տարին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Բաքվի բանտերում և ՀՀ իշխանության կողմից որևէ գործողություն չի իրականացվում նրանց վերադարձնելու ուղղությամբ։
Մեր համար Արցախի հարցն ամենացավալի հարցն է, այն չի վերջացել, որովհետև Արցախի վերաբերյալ հակամարտությունն ավարտված չէ, Ադրբեջանը հանցագործ գործողություններով բռնաթափեց Արցախը «հակաահաբեկչական գործողութունների» շրջանակում, և նա պետք է պատասխան տա։ Ադրբեջանը, լինելով ագրեսոր, փորձում է ՀՀ-ի վրա դնել ագրեսոր երկրի վրա դրվող պատժամիջոցներ։ ՀՀ-ում Արցախի սուբյեկտայնության պահպանման ուղղությամբ գործուն քայլեր չեն արվում, ՀՀ իշխանությունները հրաժարվել են Արցախի վերաբերյալ ոչևէ ռազմավարություն մշակելուց։
Այդ առումով Արցախի իշխանությունների կողմից իրականացվող մարտավարական քայլերը միջազգային հարթակում, որպեսզի բանակցությունները վերսկսվեն, այլընտրանք չունեն»,- ասաց Օհանյանը։