Մեր քաղաքացիներն իրավունք ունեն ճշմարտությունն իմանալու։ Հնչեցնեմ տվյալներ․ եթե հիշում եք՝ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալով փոխեց սպառազինությունների գնման պլանը և գնեց ՍՈւ կործանիչները, որոնք պատերազմի ընթացքում չեն օգտագործվել։ ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Ըստ մեր թողած սպառազինությունների գնման պլանի՝ նախատեսված էր գնել շուրջ 2 500 ԱԹՍ, որից շուրջ կեսը պետք է հասներ ՀՀ և ընդունվեր ՀՀ ԶՈՒ-ի շարքեր մինչև 2020թ.-ը։ Փաշինյանը փոխեց դա, գնեց ՍՈւ-երը, որոնք պատերազմի ընթացքում չեն օգտագործվել։ Թող ներողություն խնդրեն, 44-օրյա պատերազմում ԱԹՍ չենք ունեցել»,- ասաց Մամիջանյանը։
Մամիջանյանը նշեց՝ Փաշինյանը «պետք է ներողություն խնդրի, որ հոկտեմբերից զինադադար չի կքնել, և դրանից հետո զոհերն իր անձնական պատասխանատվությունն ունեն, թող ներողություն խնդրի, որ իրեն դավաճան չանվանելու համար հաջորդ արտահերթի թեկնածու առաջադրվելու համար էդքան լույս տղերք զոհեց»։
«Մեկ էլ պահեստների լիուլի լինելու-չլինելու մասին էին խոսում, թիվ չեմ հնչեցնի, բայց կասեմ՝ կեսից պակասն է օգտագործվել առկա արկերի։ ՀՀ ԶՈւ-ն սպառազինության խնդիր չի ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում, և դա եղել է մեր ձեռքբերված և անվճար ստացած սպառազինության հաշվին»,-ասաց նա։
Նշենք, որ ճեպազրույցի ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ «եթե նախկին իշխանությունները ժամանակին անհանգստացած լինեին, 44-օրյա պատերազմում չէինք կանգնի բանկա-բութուլկեքի հետևում»։