Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում հզոր ջրհեղեղների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը։
Չեխիայի ոստիկանությունը սեպտեմբերի 16-ին հայտնել է, որ Բրունտալի մերձակայքի Կրասովկա գետում մեկ մարդ է խեղդվել։ Երկրի տարբեր շրջաններում յոթ մարդ անհայտ կորած է համարվում։ Բացի դրանից, Ավստրիայում ջրի տակ անցած տներում երկու մահացած է հայտնաբերվել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել աղետի ութ զոհի մասին. վեց մարդ է զոհվել Ռումինիայում, որտեղ հազարավոր տներ են մնացել ջրի տակ, մեկական մարդ էլ զոհվել է Ավստրիայում և Լեհաստանում։ Վատ եղանակի պատճառը եղել է եվրոպական որոշ շրջաններ իր հետ հորդառատ անձրևներ, ուժեղ քամիներ և ձյան տեղումներ բերած «Բորիս» ցիկլոնը։