Հետևեք մեզ։

Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ չեն կատարվել․ Այխան Հաջիզադե

12:17, 17 սեպտեմբեր 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ չեն կատարվել․ Այխան Հաջիզադե

Մինչ այժմ Հայաստանը և Ադրբեջանը փոխանակել են խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ մեկնաբանությունների 10 փաթեթ։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

 

Նա նշել է՝  հայկական կողմն իր վերջին մեկնաբանություններն ուղարկել է օգոստոսի վերջին՝ մոտավորապես 70 օր անց ադրբեջանական կողմից ներկայացրած մեկնաբանությունից։

 

«Հայկական կողմն առաջարկում է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ պահպանելով ներկայումս համաձայնեցված դրույթները։ Սակայն Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարել է՝ դա ընդունելի տարբերակ չէ։ Ցանկացած համաձայնագրի նախագծում կա կանոն, որ ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ։


Նախագծի շուրջ բանակցությունները փակ են, և մանրամասները հասանելի չեն լայն հասարակությանը: Սակայն կարող ենք նշել, որ նախագծի բազմաթիվ դրույթներ համաձայնեցված են, այսինքն՝ նախագծի մոտ 80%-ը, իսկ որոշ դրույթներ համաձայնեցված չեն, այսինքն՝ վերջնական համաձայնություն չկա։ Բայց դա չի նշանակում, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի՝ նախագծից հանելով չհամաձայնեցված դրույթները, ինչպես առաջարկում է հայկական կողմը։ Համաձայնագրի նախագծի մնացած բաց դրույթները քննարկելու անհրաժեշտություն կա։


Ընդհանուր առմամբ, համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար Հայաստանը պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ։ Երկու երկրների միջև իրական խաղաղության մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Հայաստանը օրենսդրական ակտերով վերջ չի տվել մեր տարածքների նկատմամբ շարունակվող պահանջներին»,- նշել է Հաջիզադեն։