Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) բյուրոն հավանություն է տվել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու բանաձեւի նախագծին, հայտնում է Parisien թերթը։
«Ազգային ժողովի բյուրոն հաստատել է Էմանուել Մակրոնին իշխանությունից հեռացնելու կարգը»,- գրում է հրատարակությունը։
Մակրոնին իշխանությունից հեռացնելու առաջարկը ներկայացրել է ձախակողմյան «Անխոնարհ Ֆրանսիա» կուսակցությունը։ Այս նախաձեռնությամբ կուսակցությունը հանդես է եկել այն բանից հետո, երբ երկրի ղեկավարը բացառել է ձախերի մասնակցությունը ձեւավորվող կառավարությանը, չնայած խորհրդարանական ընտրություններում նրանց կոալիցիայի հաղթանակին։
Առաջարկն առաջ է քաշվել Ֆրանսիայի սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն, որը նախատեսում է նախագահին իշխանությունից հեռացնելու հնարավորություն, եթե նա խախտի իր պարտականությունները։