Հետևեք մեզ։

Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

16:59, 17 սեպտեմբեր 2024
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2025 թվականի պետական բյուջեի նախագիծն ու հարկաբյուջետային շրջանակը:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նախ ներկայացրել է տնտեսական և հարկաբյուջետային ընթացիկ զարգացումները, բյուջեի մակրոտնտեսական շրջանակը, որոնց հիման վրա մշակվել է պետբյուջեի նախագիծը: Մանրամասներ են ներկայացվել ոլորտային ծախսերի և ըստ գերատեսչությունների առաջարկվող չափաքանակների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ Կառավարության առաջնահերթություններին և նպատակադրումներին, հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավմանը, հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսումներին:
 
2025թ. պետական բյուջեի նախագծի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ և առաջարկություններ:
 
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է բոլոր գերատեսչությունների կողմից բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը հանձնարարել է պետբյուջեի նախագիծը բերել վերջնական տեսքի՝ հաշվի առնելով խորհրդակցության ընթացքում ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները: