Հետևեք մեզ։

Բաքվում Ֆորմուլա 1-ը անցկացվում է ՊԱԾ կենտրոնակայանում պահվող հայ պատանդներից կես մղոն հեռավորության վրա․ բրիտանացի լրագրող

17:26, 17 սեպտեմբեր 2024
Բաքվում Ֆորմուլա 1-ը անցկացվում է ՊԱԾ կենտրոնակայանում պահվող հայ պատանդներից կես մղոն հեռավորության վրա․ բրիտանացի լրագրող

Բրիտանացի լրագրող Դոմինիկ Լոուսոնը «Արագ մեքենաների և ցեղասպանական մոլագարների օրն Ադրբեջանում» անվամբ ծավալուն հոդված է հրապարակել The Times պարբերականում՝ Ադրբեջանում ընթացող Ֆորմուլա 1-ի Գրան Պրի մրցաշարի և այնտեղ պահվող հայ գերիների մասին։

 

«Արմենպրես» հաղորդմամբ՝ բրիտանացի լրագրողը իր հոդվածում գրել է, որ Ադրբեջանի մայրաքաղաքի փողոցներով սլացող վարորդներից կես մղոն հեռավորության վրա է գտնվում անվտանգության պետական ծառայության կենտրոնակայանը, որի խցերում, ի թիվս բազմաթիվ այլ քաղբանտարկյալների, տանջվում են Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք այժմ ապօրինաբար պատանդ են պահվում այն բանից հետո, երբ անցյալ տարի գերեվարվել էին, երբ Ադրբեջանը ներխուժել էր Լեռնային Ղարաբաղ։

 

«Liberty Media»-ի ղեկավար Գրեգ Մաֆեյը, որը Ֆորմուլա 1-ի բիզնեսի սեփականատերն է, քննադատել է այնտեղ մրցարշավներից մեկի անցկացումը, սակայն հայտարարել է, որ նման միջոցառումներ անցկացվում են «այնպիսի վայրերում, ինչպիսին Բաքուն է», քանի որ այդ արտոնության համար այդքան մեծ գումարներ են վճարվել. համառոտ նկարագրություն այն բանի, ինչը հայտնի է դարձել որպես «սպորտային լվացում»: 

 

Բայց Իլհամ Ալիևը, ով 2003-ին փոխարինեց իր հորը Ադրբեջանի նախագահի պաշտոնում և իր կնոջը նշանակեց փոխնախագահ, նույնպես վերջին օրինակն է այն բանի, թե ինչպես են ավտոկրատ նավթային պետությունները թաքնվում կլիմայի փոփոխության դեմ պայքարի կեղծավորության տակ: Չէ՞ որ նոյեմբերին Բաքվում տեղի կունենա COP29 -ը՝ Կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի ամենամյա համաժողովը։ Ալիևը լկտիություն ունի ՝ հաշվի առնելով իր վերջին գործողությունները, հայտարարելու, որ դա լինելու է «խաղաղության համաժողով»,- գրել է Լոուսոնը։

 

Բրիտանացի լրագրողը հիշեցրել է, որ Ադրբեջանի ՀՆԱ-ի հիմնական մասը և արտահանման եկամուտների մոտ 90 տոկոսը  բաժին է ընկնում նավթի և գազի արդյունահանմանը: 

 

«Արդյոք սա նշանակում է, որ Ալիևն ուզում է, որ իր երկիրը դառնա ածխաջրածինների վրա հիմնված տնտեսություն։ Անցյալ տարի COP-ի վեհաժողովում նա հայտարարել էր. «Որպես հանածո վառելանյութերով հարուստ երկրի ղեկավար, մենք, իհարկե, կպաշտպանենք նման երկրների՝ ներդրումները եւ արդյունահանումը շարունակելու իրավունքը»: Նա նաև Ադրբեջանի նավթի և գազի պաշարներն անվանել է «աստվածների պարգև»։ 

 

Սակայն, կարծես, Ադրբեջանն ավելացրել է ռուսական գազի սեփական ներկրումը ՝ միաժամանակ ավելացնելով իր արտահանումը դեպի ԵՄ։ Այս ոլորտի փորձագետներից մեկը ՝ Լոնդոնի տնտեսագիտական դպրոցից Գուբադ Իբադօղլուն, գրել է, որ «միակ կենսունակ միջոցը», որով Ադրբեջանը կարող էր կատարել ԵՄ-ի հանդեպ իր նոր պարտավորությունները, Մոսկվայից ավելի շատ գազ գնելն էր:

 

Այս մութ գործում մի բան պարզ է՝ նախագահ Ալիևն ու նախագահ Պուտինը լավագույն հարաբերություններն ունեն։ Ադրբեջանի առաջնորդը օգոստոսին ողջունել է ՌԴ նախագահին Բաքվում ՝ պատասխանելով չորս ամիս առաջ Կրեմլում իրեն ցուցաբերված հյուրընկալությանը: Սա լույս է սփռում այն փաստի վրա, որ Ռուսաստանը, որը երկար ժամանակ երաշխավորում էր Հայաստանի սահմանների անվտանգությունը, նրան օգնության չեկավ, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստան անցյալ տարի»,- նշել է Լոուսոնը։