Ադրբեջանն այս տարի կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի 29-րդ գագաթնաժողովի՝ COP29-ի շրջանակում պատրաստվում է նոյեմբերի 15-ը «խաղաղության օր» հռչակել՝ հակամարտող երկրներին կոչ անելով վայր դնել զենքերը: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը՝ նկատելով, որ Բաքվին այս համատեքստում մեղադրում են կեղծավորության համար:
Ադրբեջանը գագաթնաժողովի ընթացքում, ինչպես նաև դրա մեկնարից մեկ շաբաթ առաջ և ավարտից մեկ շաբաթվա ընթացքում կոչ է անելու հակամարտություններում ներգրավված բոլոր երկրներին վայր դնել զենքերը։ Բացի այդ, նոյեմբերի 15-ին կանցկացվի հատուկ «խաղաղության օր»:
Զինադադարի կոչի նախագիծը, որն արտահոսքի արդյունքում տեսել է The Guardian-ը, վկայում է որ Ադրբեջանն իրեն ներկայացնում է որպես խաղաղարար:
Սակայն ակտիվիստները մատնանշում են մարդու իրավունքների հարցում Ադրբեջանի արձանագրած արդյունքները և Հայաստանի հետ վերջին պատերազմը: Ավելի քան 100,000 մարդ տեղահանվել է Լեռնային Ղարաբաղից այն բանից հետո, երբ անցած սեպտեմբերին Ադրբեջանը սկսել է հարձակումը, գրում է պարբերականը:
«COP29-ի շրջանակում զինադադարի գաղափարը խորապես ցինիկ PR հնարք է Ադրբեջանի կողմից, որը նպատակ ունի շեղել աշխարհի ուշադրությունն անցյալ տարի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներից: Եթե նախագահ Ալիևն իսկապես ցանկանում է օրինակ ծառայել, ապա մյուսներին կոչ անելու փոխարեն, պետք է պարտավորվի... ազատ արձակել ավելի քան 300 քաղբանտարկյալներին, որոնց նա կալանավորել է մինչև CОP29-ի սկսվելը», -ասել է Unilever-ի նախկին ղեկավար, այժմ կլիմայի հարցերով ակտիվիստ և խաղաղության քարոզիչ Փոլ Փոլմանը:
The Guardian-ը հիշեցրել է 100,000 արցախցիների տեղահանումը
19:55, 17 սեպտեմբեր 2024