Գերմանիան որոշել է Ուկրաինային հատկացնել լրացուցիչ 100 միլիոն եվրո՝ ձմռանը էներգետիկ կարիքները բավարարելու համար, գրում է ՌԻԱ նովոստին՝ հղում անելով Գերմանիայի արտաքին գործերի նախարարությանը:
«Ռուսաստանը շարունակում է հարվածել ջեռուցման և էներգամատակարարման օբյեկտներին։ Այդ պատճառով Գերմանիան Ուկրաինային տրամադրում է 100 միլիոն եվրո հավելյալ օգնություն՝ ձմռանը էներգամատակարարումն ապահովելու նպատակով»,– նշված է հայտարարության մեջ:
Այս տարվա հունիսին Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշենկոն հայտնել էր, որ Ուկրաինան կորցրել է իր էլեկտրաէներգիայի արտադրող հզորությունների կեսը, ինչը բավարար չէ ձմռանը գոյատևելու համար, իսկ էլեկտրաէներգիայի ներմուծումը չի ծածկում դեֆիցիտը։
Ռուսական զորքերը 2022 թվականի հոկտեմբերի 10-ից սկսեցին հարվածներ հասցնել Ուկրաինայի ենթակառուցվածքին՝ երկու օր անց Կերչի կամրջի պայթյունից հետո, որը, ըստ ռուսական իշխանությունների, կազմակերպվել էր ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից։ Հարվածներն ուղղված են էներգետիկ, ռազմական և կառավարման օբյեկտներին։