Իսրայելի պաշտպանության ոլորտի պաշտոնյաները կտրականապես հակասում են վարչապետ Բենիամին Նեթանյահուի պնդմանը, որ Իսրայելը պետք է պահպանի վերահսկողությունը Գազայի և Եգիպտոսի սահմանին գտնվող նեղ հատվածի՝ Ֆիլադելֆիի միջանցքի նկատմամբ։ Նրանք նաև զգուշացնում են, որ Նեթանյահուի դժկամությունը ստորագրել զինադադար ՀԱՄԱՍ-ի հետ, Իսրայելին տանում է դեպի հնարավոր կործանարար պատերազմ Հեզբոլլահի հետ Լիբանանում:
Այս մասին Իսրայելի ռազմական և պաշտպանության բարձրագույն պաշտոնյաներն ասել են ABC News-ին
«Հեզբոլլահի հետ պատերազմը հեշտ է սկսել, բայց շատ դժվար է ավարտել», - ասել է նրանցից մեկը՝ անանուն մնալու պայմանով։ «Մենք կորցնում ենք պատերազմը զսպելու մեխանիզմները, կորցնում ենք պատանդներին»։
ABC News-ը, Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) զինծառայողների ուղեկցությամբ, հնարավորություն է ունեցել այցելել Ֆիլադելֆիի միջանցք՝ մոտ կես մղոն լայնությամբ նեղ տարածք, որը ձգվում է Գազայի հարավային սահմանի ամբողջ երկայնքով Եգիպտոսի հետ։ Նախկինում բազմաբնակարան շենքերից այժմ ավերակներ են մնացել։ Ռազմական պաշտոնյաները ABC News-ին ասել են, որ միջանցքում իրենց աշխատանքն առավելապես ավարտված է։
Իսրայելն ու Հեզբոլլահը, որը Լիբանանից հաճախակի հրթիռակոծում է Իսրայելի հյուսիսը, համաձայնել են նվազեցնել թշնամական գործողությունները։ Սակայն Հեզբոլլահը հայտարարել է, որ իր մասնակցությունը կախված է Գազայում ՀԱՄԱՍ-ի հետ զինադադարի համաձայնությունից, որի շրջանակներում, ըստ ՀԱՄԱՍ-ի, բոլոր իսրայելական ուժերը պետք է դուրս բերվեն Գազայից։