Ավելի քան 300 մարդ տարհանվել է Ռումինիայի խորհրդարանի շենքից, որը նաև կոչվում է Չաուշեսկուի պալատ, այն բանից հետո, երբ տղամարդն այրել է շենքի մուտքերից մեկի նախասրահը։ Այդ մասին տեղեկացնում է Արմենպրեսս-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Միջադեպը տեղի է ունեցել այցելուների տարածքում, որտեղ գտնվում են ցուցասրահը և հուշանվերների խանութները։
«60-65 տարեկան տղամարդը դյուրավառ հեղուկ է թափել և հրկիզել սենյակը։ Կրակն ընդգրկել է 30 քմ տարածք, շենքից տարհանվել է ավելի քան 300 մարդ, տուժածներ չկան, սակայն վաճառողուհիներից մեկի մոտ խուճապ է առաջացել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները տեղայնացրել են հրդեհը և մարել։ Ռումինական լրատվամիջոցները հայտնում են, որ հարձակվողին հաջողվել է փախչել։ Ոստիկանությունը հրապարակել է կասկածյալի լուսանկարները և հայցում է հանրության օգնությունը՝ նրան բռնելու համար։