«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի անկախության օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան գալու հեռանկարը երեկվանից ավելի մշուշոտ դարձավ, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանին հրավիրել են հոկտեմբերի 4-5-ին Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովին մասնակցելու։
Անցած շաբաթ էլ Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն այցելեց Հայաստան, եղավ Եղեռնի հուշահամալիրում, ծաղկեպսակ խոնարհեց: Ապա Արարատ Միրզոյանի հետ այցելեց Վեդիի ջրամբար, որը կառուցվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Սեժուրնեի՝ Հայաստան այցն ու Փաշինյանի հրավերը տպավորություն են ստեղծում, որ Մակրոնը չի գալու Հայաստան։
Հիշեցնենք, որ 2021 թ․ հունիսի 1-ին, այդ ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Փարիզում հյուրընկալվելով Մակրոնին, հայտարարել էր, որ 21-ի աշնանը նրան «սպասում է Երեւանում»: Սակայն այցը չկայացավ: Վերջերս լուրեր տարածվեցին, որ սեպտեմբերի 21-ին է այցելելու, իշխանական քարոզչամեքենան փորձեց դա ներկայացնել որպես Մակրոնի աջակցություն ՀՀ իշխանություններին։ Անգամ Ֆրանսիայի հրապարակում բարեկարգման աշխատանքներ էին ընթանում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: