Տրարածաշրջայնացման քաղաքականությունը երբեք հակաարևմտյան չի և հակառակը։ Այս մասին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա նշել է՝ դա բալանսավորման մեջ է։
«Դա նշանակում է արտատարածաշրջանային և տարածաշրջանային գործընկերների հետ աշխատանք, հակադրության մեջ դնելը իմաստ չունի, մեր վարած քաղաքականությունը հակադրությունների մեջ չէ։ ՀՀ հանրային դիսկուրսում մի հավատամք կա, որ մեր ժողովրդավարության պաշտպանությունը հնարավոր է Արևմուտքի հետ հարաբերությունների կոնտեքստում։ Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ 2018-ի հեղափոխությունը և 2021-ի ծանր ներքաղաքական պրոցեսները ՀՀ-ն անցել է ամենածանր աշխարհաքաղաքական միջավայրում, ՀՀ ժողովրդավարությունը հաջողություն է ունեցել, որովհետև Հայաստանի հանրությունը որոշել է ժողովրդավար ապրել։
Մեր ժողովրդավարությունը կայանալու և շարունակելու է զարգանալ մեր որոշումով։ Այն պահին, երբ մեր հանրությունը որոշեց չունենալ ժողովրդավարություն, չի ունենա։ Ես սխալ եմ համարում ժողովրդավարությունը կապել արտաքին միջավայրի հետ։ 2018, 2021 թվականներին մենք Արևմուտքի հետ նույնիսկ ինտենսիվ հարաբերություններ չենք ունեցել, ՀՀ-ում անցկացվել են ազատ և արդար ընտրություններ, որովհետև ՀՀ հանրությունն է այդպես ուզել։
Մեր ձախողումը եղել է այն, որ մեր անվտանգության համակարգի մեխանիզմը եղել է սա․ անվտանգության սպառնալիքի դեպքում զանգել Մոսկվա, ուրիշ տարբերակ չկար։ Այժմ այդպես չէ, առաջնահերթ մենք ենք փորձում որոշում կայացնել։ Իհարկե՝ դժվար և ծանր որոշումներ, բայց մենք համոզված ենք, որ դրանք այս պահին լավագույն հնարավորությւոններ ունեցող որոշումներն են եղել»,- նշել է Գրիգորյանը։