Հետևեք մեզ։

1919-ին Ադրբեջանը ներկայացրել է քարտեզ իր տարածքի մասին, որը ներառում է ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերը, Արարատի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերից հատվածներ. Փաշինյան

17:13, 18 սեպտեմբեր 2024
1919-ին Ադրբեջանը ներկայացրել է քարտեզ իր տարածքի մասին, որը ներառում է ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերը, Արարատի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերից հատվածներ. Փաշինյան

Երբ մենք նայում ենք Ադրբեջանի Սահմանադրությունը, տեսնում ենք, որ այնտեղ կան տարածքային պահանջներ Հայաստանի դեմ:Այս մասին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ 

 

«Ինչպե՞ս, իրենց Սահմանադրությունը հղում է անում 1991 թվականի, Պետական անկախության ակտ ակտին, Պետական անկախության ակտն իր հերթին հղում է անում Ադրբեջանի առաջին Հանրապետությանը՝ 1918-1920 թվականների, և Ադրբեջանի առաջին Հանրապետության հռչակագրին: Այդ հռչակագրում գրված է, որ Ադրբեջանը հիմնադրվում է հարավային և արևելյան Անդրկովկասի տարածքում: Եվ բացի այդ, 1919 թվականին Անտանտի պետություններին և Ազգերի լիգային Ադրբեջանը պաշտոնապես ներկայացրել է քարտեզ իր տարածքի մասին, որը ներառում է ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, Արարատի մարզից հատված, Տավուշի մարզից հատված, Լոռու մարզից հատված, Շիրակի մարզից հատված: Սա ակնհայտ տարածքային պահանջ է Հայաստանի դեմ, բայց մենք չենք բարձրացնում այս հարցը, չենք ասում՝ Ադրբեջանը թող Սահմանադրությունը փոխի, որ խաղաղության պայմանագիր ստորագրենք:

Ինչո՞ւ, որովհետև խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որն ասում է՝ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանն այս պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը ձախողելու համար: Մենք համարում ենք, որ այդ հարցն այդ հոդվածով լուծվում է»,- նշել է վարչապետը: