Բարեվարքություն, ապաքաղաքականացվածություն, արդարամտություն, պատասխանատվության զգացում ու մասնագիտական կարողություններ։ Սրանք դատավոր դառնալու համար անձին ներկայացվող պահանջներ են, որոնք ստուգվում են՝ մինչև նրանց դատավոր ընտրելը։ Factor TV-ն ուսումնասիրել է, թե ովքեր, ինչ հանգամանքներում են դառնում դատավոր կամ առաջխաղացում ունենում։ Քրեական գործերով անցնող դատավորներից մինչև քաղաքական գործունեությամբ զբաղվածներ ու ՔՊ-ին նվիրատվություն կատարած անձանց հարազատներ, Դատախազությանը փոխկապակցված անձանցից մինչև Դատական դեպարտամենտի ու Արդարադատության նախարարության աշխատակիցներ․ ահա նորընտիր դատավորների ու առաջխաղացում ունեցողների շարքում հայտնված անձանց պատկերը։
Լրատվամիջոցը գրում է․
«Քրեական գործերով անցած դատավորներ Դավիթ Սարգսյան Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Սարգսյանը Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանի եղբայրն է։ Դատավոր է դարձել 2023 թվականի սեպտեմբերին։ Մինչ այդ Սարգսյանն անցել է քրեական գործով, որը կարճվել է։ Դատախազություն ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել ենք հայտնել, թե ինչ գործով է անցել Սարգսյանը և այն ինչպես է կարճվել, սակայն մերժել են տեղեկություն տրամադրել: «Հայցվող տեղեկության տրամադրումը ենթակա է մերժման, քանի որ խախտվում է մարդու՝ տվյալ դեպքում դատավորի անձնական կյանքի գաղտնիությունը»,– հայտնում են մեզ ուղարկված գրավոր պատասխանում:
Դատախազությունն այս դեպքում տարբերակված մոտեցում է ցուցաբերել, քանի որ գերատեսչության պաշտոնական կայքում առկա են հաղորդագրություններ, որոնցում մարդու, այդ թվում՝ այլ դատավորի վերաբերյալ քրեական գործի տվյալներ են հրապարակված։ Առկա այլ դեպքերի շարքում Դատախազության կայքից դուրս ենք բերել Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, այժմ՝ նույն դատարանի դատավոր Հրայր Թովմասյանին, Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին և նրա հորը մեղադրանք առաջադրելու, նրանց վերագրվող արարքների մասին մանրամասն հաղորդագրություններ՝ ի ցույց դնելով, որ Դավիթ Սարգսյանի անձնական կյանքի նկատմամբ նման մեծ հարգանք ցուցաբերող կառույցը այլ անձանց դեպքում նույն վերաբերմունքը չի ցուցաբերել։ Պատասխան գրությամբ խնդրել ենք պարզաբանել, թե ի՞նչ տարբերություն կա Դավիթ Սարգսյանի և մյուս անձանց անձնական կյանքի գաղտնիության իրավունքի միջև։ Այս պարզ հարցին պատասխանելու համար դատախազությունից մեկամսյա ժամկետ են խնդրել, թեև ակնհայտ է, որ հարցին պատասխանելը ժամանակատար չէր և դրա համար խորը վերլուծություններ չեն պահանջվում։
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն՝ եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Մինչդեռ մեր ստացած պատասխանում որևէ նշում չկա այն մասին, թե ինչ լրացուցիչ աշխատանք է պահանջվում Հրայր Թովմասյանի, Սերգեյ և Արմեն Սմբատյանների և Դավիթ Սարգսյանի անձնական կյանքի իրավունքների միջև եղած տարբերությունը նշելու համար։
Հարցմանը պատասխանելու մեկամսյա ժամկետը ևս լրացել է, սակայն Դատախազությունն առ այսօր պատասխան չի ուղարկել։ Այսպիսով՝ կարող ենք եզրակացնել, որ Դատախազությունը պարզապես խուսափում է դատավոր Դավիթ Սարգսյանի քրեական գործի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել։ Իսկ իրականությունն այն է, որ Սարգսյանը քրեական գործով մեղադրյալ է եղել։ Գործի քննությունն այնքան է ձգձգվել, որ անցել է նրան քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը և Դավիթ Սարգսյանը չի առարկել, որ այդ հիմքով իր նկատմամբ դադարեցվի քրեական հետապնդումը։
Հատկանշական է այն հանգամանքը, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել Սարգսյանի վերաբերյալ՝ հաշվի առնելով ինչպես քրեական գործի, այնպես էլ նրա՝ քաղաքական կապվածությունների հանգամանքը: Սակայն Բարձրագույն դատական խորհրդի համար նշված փաստերը խոչընդոտ չեն հանդիսացել՝ Սարգսյանին դատավորի թեկնածու ընտրելիս։
Մասիս Մելքոնյան
Քաղաքականությունն ու քրեական գործը չեն շրջանցել նաև դատավոր Մասիս Մելքոնյանին։ Այս դատավորը Հանրապետական կուսակցության նախկին անդամ է: Եղել է փաստաբան և ներկայացրել դերասանուհի Մարջան Ավետիսյանի շահերը մի գործով, որի շրջանակներում Ավետիսյանին գումար են պարտք եղել, բայց չեն վերադարձրել։ Ավետիսյանը դիմել է Մասիս Մելքոնյանին այս հարցում իրավական օգնության ակնկալիքով, իսկ հետագայում Մելքոնյանի դեմ է հաղորդում ներկայացրել՝ հայտնելով՝ անձը, որ իրեն պարտք է եղել, Մասիս Մելքոնյանի միջոցով վերադարձրել է իր գումարը, սակայն Մելքոնյանն այն իրեն չի փոխանցել։ Մելքոնյանը վկայի կարգավիճակ է ունեցել գործով։
Մարջան Ավետիսյանը Factor TV-ին տեղեկացրեց, որ Մելքոնյանը 2023 թվականին վերադարձրել է պատճառված վնասը։ Դատավորների ընդհանուր ժողովի օրը՝ օգոստոսի 16-ին, դատավոր Մասիս Մելքոնյանին տեղեկացրել ենք, որ պատրաստվում ենք նրա վերաբերյալ հրապարակում անել՝ առաջարկելով պատասխանել մեր հարցերին, սակայն վերջինս խուսափել է հարցերին պատասխանելուց։ Նրա հետ կապվել ենք նաև հեռախոսով։ Հարցին՝ Դուք քրեական վարույթի շրջանակներում վնաս հատուցե՞լ եք, Մելքոնյանն արձագանքեց՝ ի՞նչ վնասի մասին է խոսքը։ «Ես իրեն վնաս չեմ պատճառել, այդ հարցերով ինձ մի՛ դիմեք, դիմե՛ք Քննչական կոմիտեին, ես այդ գործով որպես վկա եմ հարցաքննվել, որևէ մեկնաբանություն չեմ ցանկանում տալ»,- ասաց Մասիս Մելքոնյանը։ Մեր ճշգրտող հարցին՝ առհասարակ որևէ գումար տվե՞լ եք Ավետիսյանին, Մելքոնյանը պատասխանեց․ «Վնասի հատուցման խնդիր լուծելու հարց չի եղել»։
Գլխավոր դատախազություն ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել ենք հայտնել, թե Մելքոնյանը քրեական գործով ներկայում ի՞նչ կարգավիճակ ունի, արդյոք մեղադրյալ եղել է, թե՞ ոչ և ի՞նչ կարգավիճակով է վնասը հատուցել: Սակայն Դատախազությունից հայտնել են միայն, որ Մելքոնյանը ներկայում մեղադրյալի կարգավիճակ չունի, իսկ մյուս տվյալները կրկին չեն տրամադրել՝ համարելով նախաքննական գաղտնիք։ Նշել են միայն, որ Մարջան Ավետիսյանի հաղորդման առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ հանցավորին վստահված, այսինքն՝ նրա տնօրինմանը, տիրապետմանը կամ օգտագործմանը փաստացի կամ իրավաբանորեն ազատ կամքով հանձնված գույքի հափշտակությունը, եթե այդ գույքը հափշտակելու դիտավորությունը ծագել է օրինական հիմքերով այն ստանալուց հետո։ Մասիս Մելքոնյանի՝ քրեական գործով անցնելու և քաղաքական գործունեությամբ զբաղված լինելու հանգամանքը ևս ԲԴԽ-ի համար խնդիր չի առաջացրել՝ նրան դատավորի թեկնածու ընտրելիս: Սակայն երբ նրա թեկնածությունն առաջարկվել է նախագահ Վահագն Խաչատուրյանին, վերջինս առարկություններով հետ է վերադարձրել ԲԴԽ-ի առաջարկը։ ԲԴԽ-ն առարկությունները չի ընդունել, ու թեև այս դեպքում Նախագահը լիազորություն ուներ նաև դիմելու Սահմանադրական դատարան՝ իր այս լիազորությունից չի օգտվել։ Մելքոնյանը դատավոր է դարձել իրավունքի ուժով և դատավորի երդում տվել ոչ թե նախագահական նստավայրում, այլ Բարձրագույն դատական խորհրդում։
Խաչիկ Ղազարյան
Մինչև դատավոր դառնալը քրեական գործով անցնել է նաև Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանը։ Վերջինս մինչև դատավոր դառնալն աշխատել է Դատական դեպարտամենտում։ Ղազարյանի անունը շոշափվել է մի քրեական գործով, որը վերաբերել է Դատական դեպարտամենտից յուրացում և վատնում կատարելուն: Այս գործով Ղազարյանը վկայի կարգավիճակ է ունեցել, բայց 6 մլն դրամ է վճարել՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում։ Հակակոռուպցիոն դատարանի նախագահի գործին Factor TV-ին մանրամասն անդրադարձել է իր այլ հրապարակումներում։
Արտակ Կրկյաշարյան
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա դատավոր նշանակված Արտակ Կրկյաշարյանի անունը եվս շրջանառվել է քրեական գործում, որն առնչվում է Երևանի քաղաքապետարանի կողմից ապօրինի շինթույլտվություն տալուն: Շինարարությունն իրականացնող ընկերությանը 100% բաժնեմասը պատկանում է դատավորի կնոջը։ Ըստ քրեական գործի՝ շինթույլտվության փաթեթում բացակայել են հարևանների համաձայնությունների բնօրինակ թղթերը։ Այս գործը քննվել է Քննչական կոմիտեում։ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Factor TV-ին հայտնեց, որ գործը կարճվել է, իսկ բացակայող բնօրինակ փաստաթղթերը՝ հայտնաբերվել։ Այսպիսով՝ քրեական գործը որում շրջանառվել է Արտակ Կրկյաշարյանի անունը, քննվել և կարճվել է այն նույն կառույցում, որտեղ Կրկյաշարյանը ՔԿ նախագահի տեղակալ է եղել։
Ապաքաղաքական դատավորների քաղաքական կապերը
Գուրգեն Մալխասյան
Գուրգեն Մալխասյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել 2023 թվականի սեպտեմբերին։ Այս դատավորի երկու որդիները Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ յուրաքանչյուրը 2 մլն 200 000 դրամ է նվիրել Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Factor TV-ն Մալխասյանից հետաքրքրվել է, թե ինչու ե՞ն որդիներն այդքան գումար նվիրել իշխող քաղաքական ուժին, ինչին ի պատասխան Մալխասյանը հայտնել է, թե տեղյակ չէ որդիների՝ գումար փոխանցելու մասին։ Հատկանշական է, որ դատավոր նշանակվելուց ընդամենը երկուսուկես ամիս անց Մալխասյանը ԲԴԽ-ի կողմից առաջադրվել է որպես Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու, սակայն ԱԺ-ն նրան չի ընտրել։ Բացի այդ՝ Գուրգեն Մալխասյանի երրորդ որդին՝ Հովհաննես Մալխասյանն այժմ ընդգրկվել է Վճռաբեկ դատարանում դատավորների թեկնածուների ցուցակում։
Դավիթ Արղամանյան
Փողոցային քաղաքական պայքարից ուղիղ դեպի դատավորի աթոռ է տեղափոխվել Դավիթ Արղամանյանը։ Վերջինս 2018 թվականի իշխանափոխության պահանջով ցույցների ժամանակ Նիկոլ Փաշինյանի և աջակիցների երթի առջևում թմբուկ էր զարկում։
Արթուր Դավթյան
Factor TV-ն ավելի վաղ անդրադարձել է նաև Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Արթուր Դավթյանի քաղաքական կապերին։ Մասնավորապես՝ 2022 թվականի հունիսի 20-ին Բարձրագույն դատական խորհուրդը դռնփակ նիստում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանին ներառեց Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակելու համար առաջխաղացման ենթակա դատավորների ցանկում։ Հունիսի 27-ին Դավթյանի լիազորությունները՝ որպես պատգամավոր, դադարեցին, քանի որ նա հրաժարականի դիմում ներկայացրեց։ Նույն օրը ԱԺ ամբիոնից ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը դեռ ժամեր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանի կենսագրությունը ներկայացրեց ԱԺ պատգամավորներին։ Մեկ օր անց՝ հունիսի 28-ին, միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձայներով Արթուր Դավթյանն ընտրվեց Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանի քաղաքացիական պալատի դատական կազմի դատավոր։ Սա Հակակոռուպցիոն դատարանի այն պալատն է, որը քննում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, պետական շահերի պաշտպանության և կոռուպցիոն բնույթ ունեցող այլ գործեր, որոնց թվում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի գործերը։ 2023 թվականի փետրվարի 27-ին ԲԴԽ-ն նախագահին առաջարկեց Արթուր Դավթյանին նշանակել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ, և Վահագն Խաչատուրյանը մարտի 3-ին ստորագրեց նրա նշանակման հրամանագիրը։
Կարեն Անդրեասյան
Կուսակցական պատկանելություն է ունեցել նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։ Վերջինս 2021 թվականին դիմում է ներկայացրել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ դառնալու վերաբերյալ, իսկ Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրվելուց երկու շաբաթ առաջ դուրս է եկել կուսակցությունից։ Անդրեասյանը ԲԴԽ անդամ դառնալուց ընդամենը մեկ օր անց ընտրվեց ԲԴԽ նախագահ: Սա այն դեպքում, երբ մինչ նրա ԲԴԽ անդամ դառնալը՝ շուրջ 4 ամիս խորհրդի անդամները նախագահ ընտրել չէին կարողանում: Դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորը չի կարող կուսակցական լինել։ Ստացվում է՝ վերը նշված անձինք դատավոր ընտրվելիս կուսակցության անդամ չեն եղել, բայց միևնույն ժամանակ նրանց նախկին քաղաքական գործունեությունը կասկածներ է առաջանում նրանց անաչառության վերաբերյալ։
Մակար Կիրակոսյան
Մակար Կիրակոսյանը 2022-2023 թվականներին՝ մինչև դատավոր նշանակվելը եղել է Դատական դեպարտամենտի Դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչության, Դատավորների նկատմամբ վարույթներին առնչվող հարցերի բաժնի պետի պաշտոնակատարը։ 2023 թվականի հունվարի 30-ին նա դատավոր է նշանակվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, և ընդամենը կես ամիս անց նշանակվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Օգոստոսի 12-ին Կիրակոսյանը տեղափոխվել է Տավուշի մարզ։ Բարձրագույն դատական խորհրդի օգոտսոսի 26-ի որոշմամբ Հանրապետության նախագահին առաջարկվել է Կիրակոսյանի թեկնածությունը՝ որպես Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ և Հանրապետության նախագահը ստորագրել է հրամանագիրը։
Սերժ Ռուշանյան
Դատավոր Սերժ Ռուշանյանը 2020 թվականից աշխատել է Արդարադատության նախարարությունում։ 2021 թվականի օգոստոսին՝ Կարեն Անդրեասյանի՝ Արդարադատության նախարար նշանակվելուց հետո, նա դարձել է Անդրեասյանի օգնականը, ապա՝ 2022 թվականին նշանակվել է Անդրեասյանի խորհրդական։ 2023 թվականի հուլիսի 6-ին Ռուշանյանը նշանակվել է դատավոր Տավուշի մարզում, իսկ օրեր առաջ՝ տեղափոխվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան։
Գագիկ Հարությունյան
Գագիկ Հարությունյանը ևս Դատական դեպարտամենտից է դատավոր դարձել: Մինչ այդ աշխատել է Արդարադատության նախարարությունում՝ որպես այդ ժամանակ նախարար Կարեն Անդրեասյանի խորհրդական։ Այս շրջանում Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ-ին ներկայացրած միջնորդությունները՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ-ում ներկայացնում էր հենց Գագիկ Հարությունյանը։ Հետագայում Հարությունյանը նախարարությունում աշխատանքից ազատման դիմում է գրել, ապա՝ ավելի ուշ՝ 2022-ի հունիսի 23-ին աշխատանքի անցել Դատական դեպարտամենտում։ 2022 թվականին կարճ ժամանակահատվածով նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում, ապա 2023-ին՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի խորհրդական, իսկ 2023 թվականի ամռանը, այն բանից հետո, երբ ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները, Գագիկ Հարությունյանը նրա փոխարեն նշանակվեց Երևանի քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր։ Սրանից ընդամենը երեք ամիս անց Գագիկ Հարությունյանը տեղափոխվեց Կոտայքի մարզ։ Մամուլում այս շրջանում հրապարակում եղավ, որ Հարությունյանը 2023 թվականին Արցախից բռնի տեղահանման օրերին՝ սեպտեմբերյան ցույցների ժամանակ կալանքի միջնորդություն է մերժել, որն էլ պատճառ է դարձել նրան Երևանի դատարանից Կոտայք տեղափոխելու համար։ Ինքը՝ դատավոր Հարությունյանը, Factor. TV-ի հարցին ի պատասխան հայտնել է, որ Կոտայքի մարզ է տեղափոխվել, քանի որ ցանկանում է Ծաղկաձորում հիպոթեքային վարկով բնակարան գնել։
Հովհաննես Ավագյան
Գագիկ Հարությունյանի՝ Կոտայքի մարզի դատավոր նշանակվելուն զուհագեռ Կոտայքի դատավոր Հովհաննես Ավագյանը տեղափոխվել է Երևանի դատարան։ Այս դատավորը Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի քրոջ ամուսինն է։ Դեռևս մեկ տարի չկա, ինչ Ավագյանն աշխատում է Երևանում ու արդեն առաջխաղացման է ներկայացվել։ Օրեր առաջ՝ օգոստոսի 12-ին Բարձրագույն դատական խորհուրդը Ազգային ժողովին է ներկայացրել Ավագյանի թեկնածությունը՝ որպես Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։
Մարտին Արզումանյան
Այս դատավորի կապերը ևս տանում են դեպի Դատախազություն։ Վերջինս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի դստեր՝ Սոնա Մարգարյանի ամուսինն է։ Մարգարյանը դատախազ է։ Արզումանյանը ևս նախկինում աշխատել է Դատախազությունում, ապա 2022 թվականի ապրիլին նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Ամիսներ անց արդեն տեղափոխվել է Երևանի դատարան։
ԲԴԽ անդամների կապերը
Բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական գործեր քննելիս հանդես է գալիս որպես դատարան, ուստի ուսումնասիրել ենք նաև ԲԴԽ ներկա և նախկին անդամների կապերը: ԲԴԽ ներկա կազմում են Երանուհի Թումանյանցը, Քրիստինե Մկոյանը, Մերի Համբարձումյանը, Կարեն Թումանյանը, Արթուր Աթաբեկյանը, Արմեն Դանիելյանը, Հայկ Գրիգորյանը, Էդգար Հովհաննիսյանը և Կարեն Անդրեասյանը: Ինչպես արդեն նշեցինք, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը եղել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։
Երանուհի Թումանյանց
Երանուհի Թումանյանցը Կարեն Անդրեասյանի՝ Մարդու իրավունքերի պաշտպան եղած տարիներին՝ 2011-2016 թվականներին, աշխատել է ՄԻՊ գրասենյակում: Եղել է Անդրեասյանի խորհրդականը, ապա՝ ՄԻՊ աշխատակազմի Բռնությունների կանխարգելման վարչության պետ, իսկ 2015-2016 թվականներին եղել է Անդրեասյանի տեղակալը:
Քրիստինե Մկոյան
Քրիստինե Մկոյանը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի սանիկն է: Ինքը՝ Անդրեասյանը, Մկոյանի քավորը լինելու վերաբերյալ մեր գրություններին հստակ պատասխան չի տվել, թեև գրություններում պարզաբանել ենք, որ հարցումն ուղարկվում ենք ոչ թե Անդրեասյանի՝ որպես ֆիզիկական անձի կապերի և հարաբերությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով, այլ նրա՝ որպես ԲԴԽ ղեկավարի, ԲԴԽ անդամների ու դատավորների հետ ունեցած անձնական կապերը ճշտելու նկատառումով՝ կարևորելով այն հանգամանքը, որ Բարձրագույն դատական խորհուրդը դատավորների և դատարանների անկախությունը երաշխավորող, դատավորների առաջխաղացման հարցում էական դերակատարություն ունեցող, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունները լուծող մարմին է։ Մեր գրություններին ի պատասխան տեղեկություններ են տրամադրել միայն Քրիստինե Մկոյանի թեկնածության և ընտրության վերաբերյալ: «Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի հունվարի 16-ին տեղի ունեցած դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում նիստին մասնակցող դատավորների մեծամասնությունը 162 կողմ ձայնով ԲԴԽ անդամ է ընտրել Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Քրիստինե Մկոյանին։ Պարզաբանում ենք, որ դեռևս դեկտեմբեր ամսին ՀՀ Սահմանադրության 174-րդ հոդվածի 2-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 1-4 մասերով, և 80-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները բավարարող՝ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վարչական պալատի 3 դատավորների Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատարի կողմից ծանուցագրեր են ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուի համար։ Դատավորներից 2-ը դիմում է գրել՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու համար»,- հայտնել են ԲԴԽ-ից՝ միաժամանակ նշելով, որ ԲԴԽ գիտնական անդամները Դատավորների ընդհանուր ժողովին չեն մասնակցում և չէին կարող որևէ ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա:
Նշենք որ Բարձրագույն դատական խորհուրդը բաղկացած է 5 դատավոր և 5 գիտնական անդամներից, գիտնական անդամներին ընտրում է Ազգային ժողովը, իսկ դատավոր անդամներին՝ Դատավորների ընդհանուր ժողովը։ Գիտնական անդամները դատավորների ընդհանուր ժողովին չեն մասնակցում։ Մինչդեռ Քրիստինե Մկոյանը Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնել է, որ Կարեն Անդրեասյանի սանիկն է։ Այսինքն՝ բացի այն հանգամանքից, որ Անդրեասյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է եղել, նաև խորհրդի երկու անդամ նրա մտերիմներն են։
ԲԴԽ անդամ են եղել նաև Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ընկերուհին է։ Համացանցում առկա են Աննա Հակոբյանի և Նաիրա Հովսեփյանի ջերմ լուսանկաները։
Արթուր Աթաբեկյան
2023 թվականի ապրիլին Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը դարձել է ԲԴԽ անդամ։ Ընդ որում՝ թեև նրա ընտրության ժամանակահատվածում ԲԴԽ-ում առկա է եղել նաև մարզային դատավոր անդամի թափուր հաստիք, վերջիններս ծանուցագրեր չեն ստացել Խորհրդի անդամի ընտրությանը մասնակցության վերաբերյալ՝ թեև օրենքով պետք է ծանուցվեին ԲԴԽ անդամի համար սահմանված չափանիշներին համապատասխան բոլոր դատավորները։ Մեկ տարի անց՝ 2024 թվականի փետրվարին Աթաբեկյանը առաջխաղացում է ունեցել և նշանակվել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր։
Հայկ Գրիգորյան
Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը Ազգային ժողովի կողմից ընտրված ԲԴԽ անդամ է։Այժմ հավակնում է դառնալ դատավոր։ Օգոստոսի 12-ին Բարձրագույն դատական խորհուրդը նրա թեկնածությունն է առաջադրել Ազգային ժողովին՝ որպես Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, սակայն այս հարցը դեռևս ԱԺ-ում չի քննարկվել։ Գրիգորյանի՝ ՔԿ նախագահ եղած տարիներին, ի դեպ, քննվել ու կարճվել է ՀՔԾ պետ, այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի միջև հեռախոսային խոսակցության, ինչպես նաև վերջինիս և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև խոսակցության հրապարակումից հետո հարուցված քրեական գործը։ Խոսքը 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների առթիվ քրեական գործով մեղադրյալներ, Հայասանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության քննության օրերին այս պաշտոնյաների միջև հեռախոսային խոսակցությունների հրապարակմանն է վերաբերում։
Նաիրա Հովսեփյան
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը Բարձրագույն դատական խորհդի անդամ է դարձել որպես առաջին ատյանի դատարանի դատավոր՝ 2022 թվականի հուլիսին։ Շուրջ 1 տարի անց դարձել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր։ Հովեփյանը մեկ ամիս առաջ հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից։ Այս դատավորի հրաժարականից օրեր անց Արդարադատության նախարարությունը ներկայացրել է միջնորդություն՝ դատավարական ժամկետներ խախտելու համար նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, սակայն Հովսեփյանը պատասխանատվության չի ենթարկվել՝ հաշվի առնելով նրան վերագրվող խախտման պահին նրա կյանքում տեղի ունեցած բացառիկ՝ 44-օրյա պատերազմում որդու զոհվելու և հոր մահվան հանգամանքները։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Նաիրա Հովսեփյանն օրեր առաջ ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի անդամ, այսինքն՝ այն մարմնի անդամ, որն, ի թիվս այլնի, կարող է վարույթներ հարուցել դատավորների նկատմամբ՝ դատավարական ժամկետներ խախտելու համար։
Սերգեյ Չիչոյան
Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ Սերգեյ Չիչոյանը ևս ԲԴԽ-ում պաշտոնավարելու ընթացքում է առաջին ատյանի դատարանից տեղափոխվել Վճռաբեկ դատարան։ Այս դատավորը ԲԴԽ անդամ է ընտրվել 2018 թվականին՝ 5 տարի ժամկետով, իսկ 2022-ին արդեն դարձել է նորաստեղծ Վճռաբեկ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր։
Դավիթ Խաչատուրյան
Իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Խաչատուրյանը ևս Ազգային ժողովի կողմից է ընտրվել որպես ԲԴԽ անդամ՝ 2021 թվականի հունվարի 21-ին՝ 5 տարի ժամկետով, բայց չանցած երկու տարի՝ ԲԴԽ-ն նրան առաջադրել է որպես Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու, ու Ազգային ժողովը նրան ընտրել է։ Ի դեպ, Դավիթ Խաչատուրյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է։ ԲԴԽ-ն անտեսում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության եզրակացությունները Դատավորներին ընտրելիս, ինչպես նաև նրանց առաջխաղացման դեպքում ստուգվում է նրանց բարեվարքությունը, ինչը ենթադրում է դատավորի թե՛ գույքային դրության, թե քաղաքական կապերի, թե քրեական գործերին հնարավոր առնչության ու համբավին առնչվող այլ հանգամանքների ստուգում։ Սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության վերաբերյալ եզրակացությունները Բարձրագույն դատական խորհրդի համար խորհրդատվական բնույթ են կրում, այսինքն` պարտադիր չեն։ Այս եզրակացությունները գաղտնի են և հասանելի չեն դառնում հանրությանը»։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։