Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը վաճառքի է հանել ակումբը:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.
«Ցանկանում եմ պատմել մի որոշման մասին, որը ինձ հեշտ չի տրվել: Երկար եմ մտածել ու որոշել եմ վաճառքի հանել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և լքել հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը:
Գլխավոր ու միակ պատճառը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հալածանքն է, որն ձգվում է արդեն երկու տարուց ավելին:
Ցավոք, իրավիճակը վաղուց դուրս է եկել ողջամտության ու պրոֆեսիոնալ էթիկայի սահմաններից` վերածվելով անձնական առճակատման: Դա մեծ վնաս է հասցնում թիմին, երկրպագուներին ու մեր ակադեմիային և ամենակարևորը` հայկական ֆուտբոլի հեղինակությանը:
Ես վստահ եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք հետաքրքրված կլինեն շարունակել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբային փառահեղ պատմությունը, որը վերջին տարիների ոչ միայն հասել է մեծ նվաճումների, այլև լայնորեն հայտնի դարձել Հայաստանում ու դրա սահմաններից դուրս:
Ցանկանում եմ հանգստացնել ծնողներին ու «Փյունիկ»-ի ակադեմիայի սաներին. ես կշարունակեմ ներդրումները մանկապատանեկան ակադեմիայում, և բոլոր մեր սաները կշարունակեն կրթվել իրենց տարիքային խմբերում:
Ես չեմ հեռանում հայկական սպորտից և կշարունակեմ ներդրումներ անել, քանի որ կարծում եմ, որ սպորտի զարգացումը շատ կարևոր է մեր երկրի համար:
Պատրաստ կլինեմ վերադառնալ հայկական ֆուտբոլ, երբ փոխվի ֆեդերացիայի ղեկավարությունը ու գան մարդիկ, որոնք իսկապես հետաքրքրված կլինեն ֆուտբոլի զարգացման մեջ»: