ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան չորեքշաբթի ընդունել է պաղեստինցիների պատրաստած բանաձևը, որով Իսրայելից պահանջում է 12 ամսվա ընթացքում դադարեցնել իր «ապօրինի ներկայությունը օկուպացված պաղեստինյան տարածքում»:
Բանաձևին կողմ է քվերակել 124 երկի, 43 երկիր ձեռնպահ է մնացել, իսկ Իսրայելը, ԱՄՆ-ը և 12 այլ երկրներ բանաձևին դեմ են քվեարկել։
Բանաձևը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի հուլիսյան խորհրդատվական եզրակացությունը, որում ասվում է, որ պաղեստինյան տարածքների և բնակավայրերի Իսրայելի օկուպացիան անօրինական է և պետք է դադարեցվի:
Միավորված ազգերի կազմակերպության բարձրագույն դատարանի՝ Համաշխարհային դատարանի խորհրդատվական եզրակացության մեջ նշվում է, որ դա պետք է արվի «հնարավորինս արագ», թեև Գլխավոր ասամբլեայի բանաձևը 12 ամիս ժամկետ է սահմանում:
Բանաձևը միաժամանակ կոչ է անում պետություններին «միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու իսրայելական բնակավայրերում արտադրվող ցանկացած ապրանքի ներմուծումը, ինչպես նաև Իսրայելին զենքի, զինամթերքի և հարակից սարքավորումների տրամադրումը կամ փոխանցումը, եթե կան կասկածելու ողջամիտ հիմքեր, որ դրանք օգտագործվելու են օկուպացված պաղեստինյան տարածքում»:
Բանաձևն առաջինն է, որը պաշտոնապես ներկայացվել է Պաղեստինի ինքնավարության կողմից, քանի որ այն ստացել է լրացուցիչ իրավունքներ և արտոնություններ այս ամիս, ներառյալ ՄԱԿ-ի անդամների միջև ասամբլեայի հարկում նստավայրն ու բանաձևերի նախագծեր առաջարկելու իրավունքը: