Հետևեք մեզ։

Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է պատերազմի նոր փուլի մասին

22:25, 18 սեպտեմբեր 2024
Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է պատերազմի նոր փուլի մասին

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ երկիրը տեղափոխում է իր ռազմական ջանքերի «ծանրության կենտրոնը» հյուսիսային ուղղություն՝ Լիբանանի հետ սահման, և սկսվում է պատերազմի նոր փուլ։

 

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է timesofisrael.com կայքը։

 

«Ծանրության կենտրոնը տեղաշարժվում է դեպի հյուսիս։ Մենք տեղափոխում ենք ուժեր, ռեսուրսներ և էներգիա դեպի հյուսիս», - ասել է նա երկրի հյուսիսային մասում գտնվող Ռամաթ-Դավիդ ավիաբազայում զինվորականների հետ հանդիպման ժամանակ։

 

Գալանտը նշել է, որ հյուսիսային ուղղությամբ ռազմական գործողությունների նպատակը «պարզ և հստակ է. հյուսիսում բնակավայրերի բնակիչների անվտանգ վերադարձը իրենց տները»։ Սեպտեմբերի 17-ի գիշերը Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հաստատել է այս խնդրի ներառումը ռազմական գործողության հիմնական նպատակների ցանկում։

 

Պաշտպանության նախարարը հավելել է. «Մենք չենք մոռացել պատանդների մասին և չենք մոռացել մեր խնդիրների մասին հարավում։ Սա մեր պարտքն է, և մենք այն կատարում ենք միաժամանակ»։

 

Այս հայտարարությունը նշանակում է Իսրայելի ռազմական գործողությունների աշխարհագրության և մասշտաբի էական ընդլայնում, որը սկզբնապես սահմանափակված էր Գազայի հատվածով։