Այս օրը մեր հիշողությունների օր կմնա օր, երբ 10 ամիս շրջափակման հետևանքով ադրբեջանական կողմը դիմեց ռազմական ագրեսիայի, որի հետևանքով ունեցել ենք զոհեր, տուժածներ, մեր հարգանքի տուրքն ենք այօր մատուցել նրանց։ Այս մասին այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Սեպտեմբերյան իրադարձությունները մեզ համար շատ ծանր հետևանքներ է ունեցել, մեր բնակչությունը ստիպված է եղել լքել հայրենիքը, մենք մշտապես մեր հիշողություններում ունենալու ենք այն նվիրյալների անունները, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքը և հնարավորություն են ստեղծել, որպեսզի 100․000-ից ավելի բնակչություն դուրս գա շրջափակումից։
Ես մեծ ցավով եմ լսում արտահայտությունները բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ովքեր համարում են, որ արցախցիները հյուր են ՀՀ-ում, որ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը ՀՀ հաղթանակն է, ես մեծ կասկածներ ունեմ, որ ՀՀ Կառավարության բոլոր անդամներն են այդպես մտածում և ՀՀ ժողովուրդն է այդպես մտածում։ Իրենց պատասխանները իրենք պետք է տան ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր ձևավորել են այդ իշխանությունը»,- ասաց Շահրամանյանը։