Հետևեք մեզ։

Սեպտեմբերի 19-ը մեր պատմության ամոթի և խայտառակության հերթական օրերից մեկն է, այն նաև խոնարհումի օր է. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

11:32, 19 սեպտեմբեր 2024
Սեպտեմբերի 19-ը մեր պատմության ամոթի և խայտառակության հերթական օրերից մեկն է, այն նաև խոնարհումի օր է. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Մեկ տարին է լրանում, երբ մենք ողջ ժողովրդով ևս մեկ անգամ ստիպված եղանք բռնելու գաղթի ճանապարհը։ Եվ դա մեր պատմության ամոթի և խայտառակության հերթական օրերից մեկն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

 

«Այս խարանն առաջին հերթին դրոշմված է Հայաստանի իշխանությունների ճակատին, ովքեր հանցավոր անտարբերությամբ մեզ հասցրեցին այս վիճակին, երբ իրենց աչքերի առջև մեր ժողովուրդը ստիպված եղավ ենթարկվելու հերթական ցեղասպանությանը, բնազրկվեց և տնազրկվեց»,-ասաց նա և հավելեց, որ այս խարանը միշտ մնալու է դրոշմված այս իշխանությունների ճակատին։

 

Սրբազանը նշեց՝ միևնույն ժամանակ, սեպտեմբերի 19-ը խարան է նաև ողջ հանրության ճակատին. «Որպես ամոթի ու խայտառակության, ինչպես նաև ցավի և կորստյան օր, որ մինչև այսօր հանդուրժում են այս իշխանությունների գոյությունը։ Այս օրը խարան է նաև միջազգային հանրության ճակատին, հատկապես բոլոր նրանց, ովքեր եղել են արցախցի մեր քույրերի ու եղբայրների անվտանգության երաշխավորը։

Սեպտեմբերի 19-ը նաև խոնարհումի օր է։ Եվ անկախ բոլոր դժվարությունների, փորձությունների ու ծանր տառապանքների, ևս մեկ անգամ փաստենք հայոց հաղթանակող ոգու և հոգու մասին»։